Հալեպում կայացել է Քարեն Եփփե ազգային ճեմարանի տարեվերջյան միջոցառումը
ОбществоՀալեպում հունիսի 28-ին տեղի է ունեցել Քարեն Եփփե ազգային ճեմարանի տարեվերջյան հանդիսությունը: Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Միջոցառման ընթացքում հնչել է երգ, երաժշտություն, ասմունք հայ և արաբ բանաստեղծնհերի ստեղծագործություններից, որոնք բոլորը նվիրվել են Հայոց ցեղասպանության 100-ր դ տարելիցին:
Իրենց խոսքն են փոխանցել մի քանի շրջանավարտներ, ինչպես նաև ճեմարանի տնօրեն Հակոբ Քիեջյանը: «Հակառակ ճգնաժամային այս օրերին, ճեմարանը մնացել է հավատարիմ իր սկզբունքներին ու առաքելությանը և պատրաստել է ապագայի հայ երիկտասարդին դիմագրավելու կյանքի դժվարությունները, կազմելու հայ ընտանիք, պահպանելու և զարգացնելու հայ մշակույթն ու հետապնդելու հայ դատը»,- նշել է նա:
Միջոցառման ընթացքում 75 շրջանավարտ ստացել են իրենց վկայականները` փայլուն էջ ավելացնելով ճեմարանի պատմության ոստկեմատյանում:
Իր պատգամն է փոխանցել նաև Բերիո թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգիսյանը` նշելով. «Մարդ առանց նպատակի կդադարի մարդ լինել: Մարդ լինելը վեհագույն նպատակ թող լինի ձեր կյանքում, նամանավանդ, որ ճեմարանի հայակերտման այս քուրայի մեջ մարդակերտման սերմերն ի սկզբանե տեղավորվել են ձեր մեջ: Անհատական կյանքի ձեր գերագույն նպատակակետը թող լինի գիտության նվաճումներում մասնակից դառնալը, իսկ ձեր վերջնական նպատակը թող լինի մարդկությանն, ազգին ու հայրենիքին ծառայելը: Արդ, որպես «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի սերունդ» թող ձեր աչքերում հաստատակամություն ամրագրվի, իսկ ձեր ձեռքսեղման մեջ` անվեհերություն, որպեսզի անվախ քայլեք դեպի առաջ»: