Հայ պատգամավորները Բելառուսում վստահեցրել են՝ Բաղրամյան պողոտայում ակցիան քաղաքական չէ
ОбществоՀայ պատգամավորները Բելառուսում իրենց գործընկերներին և մամուլի ներկայացուցիչներին մանրամասներ են փոխանցել Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի վերաբերյալ: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ թեման հետաքրքրել է թե իրենց բելառուս գործընկերներին, թե մամուլի ներկայացուցիչներին: «Ես հարցազրույց եմ տվել Բելառուսի Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել եմ նաև Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային և վստահեցրել եմ, որ դա բացառապես սոցիալական խնդիր է, քաղաքացիական հասարակության մտահոգությունն է»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ հստակ փոխանցել է, որ խնդիրը քաղաքականացնելն անընդունելի է, իսկ Հայաստանում մայդան տեսնելու մասին ռեպորտաժները բացառապես իրականության հետ աղերս չունեն: «Ես ասել եմ, որ թանկացումը մտահոգում է բոլորիս, և այդ պատճառով հանրապետության ղեկավարը հանձնարարել է իրականացնել աուդիտ, որը 3-6 ամիս կտևի: Ասել եմ, որ այդ շարժումը չի ղեկավարում որևէ քաղաքական կուսակցություն, և որ սա բացառապես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների պայքար է: Նրանց մոտ ամբողջությամբ ընկալվել է, բելառուս գործընկերներն էլ արձանագրել են, որ հայ պա տգամավորների այցը Բելառուս լավ առիթ է, որ բելառուս ժողովուրդն այդ հարցի վերաբերյալ ամբողջական պատասխան ունենա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն ընդգծեց, որ իրենց այցի հենց առաջին օրը թե բելառուս պատգամավորերին, թե լրագրողնեին հետաքրքրել է այդ հարցը, որի վերաբերյալ հայ պատգամավորները տրամադրել են տեղեկություններ և փարատել են բոլոր մտահոգությունները: