Իտալական կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ կցուցադրվի
КультураԻտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվելիք Cinema Ritrovato (Վերահայտնագործված ֆիլմեր) 29-րդ կինոփառատոնում ցուցադրվելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում պահվող, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր` շարժապատկերներ: Դրանք փաստաթղթեր են այն մասին, թե ինչպես են որոշ հայեր կարողացել փախչել մահվան ճանապարհորդությունից` տեղահանությունից, ինչպես է հայ որբերին հաջողվել նավակներով փախցնել Թուրքիայից:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ակոս»-ը:
Մինչ այժմ Ցեղասպանության տարիների վերաբերյալ հիմնականում միայն լուսանկարներ են հայտնի, եւ այս համր շարժանկարների հայտնաբերումը խիստ արժեքավոր է համարվում: Ամերիկյան Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված ֆիլմը, որը պահպանության տակ է առնվել մասնագետների կողմից եւ վերագրանցվել ժամանակակից տեխնոլոգիաներով, Ցեղասպանության տարիներից հետո մեզ հասած ամենակարեւոր տեսանյութն է:
Ֆրանսիական AFP լրատվական գործակալության համաձայն` ֆիլմի ի հայտ բերմանը մեծ մասնկացություն ունեցած եւ իտալական կինոփառատոնի համակարգողներից Մարիան Լեւինսկին համոզմունք է հայտնել, որ այդ շարժապատկերները Թուրքիայում նկարահանվել են 1923 թվականին:
Համր ֆիլմի հետ կապված Լեւինսկին պատմել է հետեւյալ մանրամասները. «Ֆիլմում միանշանակ Ստամբուլն էպատկերված: Այնտեղ երեւացող շենքը անգլիական որբանոց է, որտեղ նրանք հավաքել եւ ապաստանելեն հայ որբերին` տարբեր երկրներ ուղարկելուց առաջ»:
Լեւինսկին հայտնել է, որ ֆիլմի հրաշք շարժապատկերները գտնվում են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի պատմական հավաքածուների մեջ, որը պահվում է գրադարանի Օրեգոնայի կենտրոնում: Նրա խոսքով` դեռեւս հայտնի չէ, թե ով է այդ շարժապատկերների հեղինակը:
«Կինոփառատոնում պատմական իրողություններն ի հայտ բերող այդ տեսանյութի ցուցադրությունըմեր երախտագիտական պարտքն ու պարտականությունն է: Մենք բանակցություններ ենք անցկացնումնաեւ Ստամբուլի կինոփառատոնի պատասխանատուների հետ, եւ հավատում ենք, որ ֆիլմըկցուցադրվի նաեւ այնտեղ»,- հավելել է Լեւինսկին:
Ֆիլմը ցուցադրվելու է Բոլոնիայի կինոփառատոնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բաժնում: Այդ բաժնում ցուցադրվելու են նաեւ 1925 թվականին Համո Բեկնազարյանի նկարահանած «Նամուս» ֆիլմը, Սերգեյ Փարաջանովի` 1969 թվականին նկարահանած «Նռան գույնը» ֆիլմը, Հենրիկ Մալյանի` 1980 թվականին նկարահանած «Նահապետ» ֆիլմը, ինչպես նաեւ խիստ ուշադրության արժանի` Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում ֆրանսիական բանակի կողմից նկարահանված հայ փախստականների մասին պատմող 5 րոպեանոց փաստագրական ֆիլմը:
Կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժնում ցուցադրվելիք ամենանշանակալից ֆիլմը կլինի «Հայաստան, մարդկության օրրան» (Armenia, Cradle of Humanity) Թուրքիայում նկարահանված 4 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է կոտորածից փրկվածների մասին: