Հրաչյա Հակոբյանի հոբելյանը ցուցահանդեսով համախմբեց նկարչի ընկերներին ու հարազատներին
КультураԳեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի 80-րդ հոբելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում էր համախմբել արվեստագետի ընկերներին և հարազատներին: Հուլիսի 4-ին պատկերասրահում անցկացվեց նկարչին նվիրված հուշ-ցերեկույթ:
Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, արվեստաբան Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ Հրաչյա Հակոբյանի առանձնահատկությունը նրա ինքնատիպությունն էր՝ և՚ որպես արվեստագետ, և՚ որպես մարդ:
«Նրան անվանում էին «սիրուն Հրաչո», նկատի ունենալով ոչ միայն արտաքին տվյալները, այլև նրա գեղեցիկ ներքնաշխարհը: Երևանցիները Հրաչյա Հակոբյանին ավելի շատ ճանաչում են Ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահի որմնանկարներով: Ցավոք, քչերը գիտեն, որ հենց նա է որմնանկարների հեղինակը: Երախտապարտ ենք նաև նրա այրուն, որը պարբերաբար զբաղվել է նրա հետմահու ցուցահանդեսների կազմակերպմամբ: Ցավոք, նա իր կենդանության օրոք ոչ մի անհատական ցուցահանդես չունեցավ: Սակայն, Ազգային պատկերասրահում տեղ են գտել նրա ստեղծագործություններից»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Գասպարյանը:
Գեղանկարչի քույրը՝ Լյուդմիլա Հակոբյանը, եղբոր մասին խոսելիս հուզվեց: «Ինձ համար շատ դժվար է իր մասին խոսք ասել: Նա կարողանում էր դրական լիցքեր հաղորդել շրջապատին: Նա իր կենդանության օրոք Երևանում չի ունեցել անհատական ցուցահանդես, բայց մահվանից երկու տարի անց պատկերասրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը»,- նկատեց նկարչի քույրը:
Լյուդմիլա Հակոբյանի խոսքով՝ իր եղբոր նկարները ներկայացվել են տարբեր երկրներում, և նա ունի 200-ի չափ աշխատանքներ: «Նա արդեն 30 տարուց ավելի մեզ հետ չէ, բայց արդիական են նրա ստեղծագործությունները»,- ընդգծեց նա: Ելույթ ունեցողները կարևորեցին Հրաչյա Հակոբյանի գործունեությունը՝ հավաստելով, որ նա այսօր էլ իրենց հետ է՝ իր յուրահատուկ գործերով: