Բոլորս դեպի Բաղրամյան 1. «Ո՛չ թալանին»-ը այլևս չի համակարգում. ճշմարտություն, թե հակասություն
ИнтервьюՎերջերս էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված շարժմանը միանում են մշակույթի գործիչներ, իսկ Բաղրամյանում կայանալիք նրանց համերգների հրավերները տարածում է Հարություն Աղլամազյանը: Orer.am-ը զրուցեց նրա հետ:
-Կասե՞ք՝ ձեր կողմից բացված ֆեյսբուքյան միջոցառումը՝ Լիլիթ Պիպոյանի համերգը, ո՞վ է կազմակերպում:
-Նոր ձևավորված համակարգող խումբն է կազմակերպում համերգները: Արդեն խոսել ենք Էդուարդ Զորիկյանի հետ, այսօր էլ Ռուբեն Հախվերդյանն է խոսք տվել, որ կգա` երեկոյան 20:00-ին: Հին «Ո՛չ թալանին» խումբը, այլևս չի համակարգում շարժումը:
-Լավ, իսկ ո՞րն է ձեր գործառույթը, դուք նախաձեռնող նոր խմբի անդա՞մ եք:
Էլեկտրաէներգիայի դեմ պայքարը սկսվել է դեռ անցած տարվանից, երբ անցած տարի նույն հունիսի 23-ին, Սարյանում հավաքված բողոքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց ապօրինի և բռնի գործողություններ, դեռ այն ժամանակ «Դեմ եմ»-ի մի քանի համակարգողներ՝ այդ թվում նաև ես, բացեցինք այս խումբը և սկսեցինք համակարգել` ներգրավելով նոր մարդկանց: Կարելի է ասել, որ այս խումբը, որ նոր է ձևավորվել, արդեն 3-րդ խումբն է, որ համակարգում է պայքարը:
- Դուք նշեցիք, որ «Ո՛չ թալանին»-ը չի մասնակցում կազմակերպչական աշխատանքներին, բայց ձեր միջոցառման նկարագրության մեջ նշել եք, որ «Ո՛չ թալանին»-ը զբաղվում է մարզային այցելություններով: Ինչպե՞ս կբացատրեք:
-Բաղրամյան 1-ում տեղի ունեցող բողոքի նստացույցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները մասնակցում են որպես ՀՀ քաղաքացիներ, իրենք` ում հետ որ ես խոսել եմ, և ինչքանով տեղյակ եմ, խումբ են կազմել և մասնակցելու են նախագահի կողմից նշված աուդիտի անցկացման գործընթացին, իսկ դրան զուգահեռ, եթե մարզային հանդիպումներ և քննարկումներ են նաև որոշել անել, դա միայն ողջունելի է: Այդ պատճառով էլ նշել եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր Գյումրիում հանրային քննարկում է անցկացնելու` լույսի թանկացման դեմ ուղղված:
-Լավ, իսկ դուք նշում եք՝ «Բոլորս Բաղրամյան 1»: Բաղրամյան 1 հասցեում գտնվում է տուրիստական գործակալություն: Ի՞նչ կապ ունի այն էլէներգիայի սակագնի դեմ ուղղված շարժման հետ:
-Ինչպես գիտեք՝ արդեն 12 օր է՝ Բաղրամյանը փակ է, և բողոքի շուրջորյա նստացույցը շարունակվում է: Քանի որ Բաղրամյանը սկզբից է փակված, այդ պատճառով բողոքի մասնակիցները, գտնվելով արդեն Բաղրամյան 1 հասցեում, մասնակցում են հոսանքի դեմ ուղղված բողոքի նստացույցին:
-Այսինքն 10,000 հոգի Բաղրամյան 1-ում կարո՞ղ է տեղավորվել:
-Փակված է ոչ միայն Բաղրամյան մեկը այլ, Բաղրամյան փողոցը՝ մինչև գրողների միություն ընկած հատվածը: Այնպես որ, մարդկանց համար հարմարավետ նստելու տեղ կա, իսկ եթե չլինի, ապա կփակվեն նաև մյուս հարակից փողոցները, ինչպես եղավ հունիսի 23-ի երեկոյան: Ինչ-որ տեղ Բաղրամյան 1-ը ունի պայմանական նշանակութուն:
Արուսիկ Տիգրանյան