Ցուցարարները վերջնաժամկետ տվեցին մինչեւ երկուշաբթի
ОбществоՄինչեւ երկուշաբթի, ժամը 21:00-ն իշխանությունները պետք է կատարեն ցուցարարների պահանջներից առնվազն մեկը: Բաղրամյան պողոտայում այսպիսի պահանջ-առաջարկով հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին «Այո՛» գոչյուններով եւ «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով:
Հակառակ դեպքում, Սանասարյանի ընթերցած հայտարարության համաձայն, սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ ամեն նոր օրվա ժամը 21:00-ին, եթե չենք ստանում պատասխան մեր պահանջներից գոնե մեկին, մեկ քայլ առաջ ենք տանում աղբամանները դեպի վեր՝ Բարեկամություն»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով, մարտի դուրս չեն եկել, շարունակում են խաղաղ պայքարը եւ սկսում են վճռական փուլը: Նա եւս մեկ անգամ ներկայացրեց ցուցարարների հիմնական պահանջները.
- Չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին հակասոցիալական որոշումը;
- Պատժել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն կիրառողներին;
- Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:
Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ պարտավոր են քայլեր իրականացնել, ժողովուրդն է դա պահանջում: «Մենք չէինք ուզում շտապել, սակայն դրա հետեւանքով ցուցարարների շարքերը նորսացան: Հենց դա է իշխանությունների ուզածը, որոնք կասկածի տակ են դնում մեր վճռականությունը»,- հավելեց Սանասարյանը՝ կոչ անելով նաեւ չտրվեց սադրանքների, որոնց հնարավորությունն ակտիվիստները չեն բացառում: