Էնֆիաջյանն արձանագրում է, որ ոստիկանները մի քանի անգամ հորդորել են ազատել Բաղրամյանը
ОбществоԲաղրամյան պողոտայում երթևեկության վերականգնման գործողությանը ներկա պատգամավորն արձանագրում է, որ ոստիկանությունը մի քանի անգամ հորդորել է նստացույց անողներին ազատել երթևեկելի հատվածը: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում է եղել` քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը բացառելու նպատակով: «Ամեն դեպքում բոլորս ներկա էինք, տեսանք, որ ոստիկանությունը մի քանի անգամ հորդորեց ազատել երթևեկելի մասը, բոլորս տեսանք` ինչ տեղի ունեցավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Էնֆիաջյանը` այնուամենայնիվ խուսափելով տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալուց: Նա նշեց, որ խմբակցությունն իր գնահատականը կհայտնի ավելի ուշ: Պատգամավորի խոսքով` ոստիկանությունը վստահեցրել է, որ Բաղրամյանից բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն ամենաուշը երեք ժամից:
Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը լիակատար վերականգնված է: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել դեպի մայթ, մի քանիսին էլ բերման ենթարկել: Բաղրամյան պողոտայում էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք հավաստիացումներ էին ստացել, որ բռնություն չի կիրառվի:
Բաղրամյան պողոտան փակ էր արդեն երկու շաբաթից ավելի: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, եւ հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները: