«Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերը մրցանակներ են ստացել
КультураՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում անցկացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնից, այս տարի մրցութային անվանակարգերը 4-ն էին` «Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված է եղել հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
«Հավատ» անվանակարգում լավագույնն են ճանաչվել Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» (Հայաստան), Քեթրին Մաքգիլվրեյի «Մարդասպանի սիրտը» (Իտալիա), Սոֆիա Գեվեյլերի, Ջուլիա Բիվշևայի և Սոֆիա Կուչերի «Ոգին շարժման մեջ» (Ռուսաստան) ֆիլմերը:
«Հույս» անվանակարգում հաղթել են Ռաուլ Մանչիլյայի «Անձայն մարդասպանը» (Իսպանիա), Մահմուդ Յազդանի Բահրամաբադիի «Ցնցումից հետո» (Իրան), Նոնա Սիսակյանի «Մայիս 1945» (Բելառուս) կինոնկարները:
«Սեր» անվանակարգում էլ լավագույնի կոչմանն են արժանացել Խավի Նավարոյի «Ես հենց նոր երազ տեսա» (Իսպանիա), Յուրի Սոլոդովի «Մեծ տղա» (Ռուսաստան) և Անդրեյ Օսիպովի «Կոկտեբելյան խճաքարեր» (Ռուսաստան):
Իսկ «Խաղաղություն» անվանակարգում հաղթեցին Խոսե Վեգայի «Զգայարաններ» (Իսպանիա), Թիյամ Յաբանդե Ջահրումիի «Ռանգան 99» ( Իրան) , ինչպես նաև Տոֆիղ Ամանիի «Մրջյունների բնակարանը» (Իրաք) ֆիլմերը: «Հանդիսատեսի համակրանք» է շահել «Ժողովող»-ը Իսրայելից (լուսանկարներն ու ֆոտոթարգմանությունը՝ Դմիտրի Բրիկմանի):
Հաղթողներին մրցանակները հանձնել են իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ են ունեցել ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը: