Ուղղափառ երկրների ՄԽՎ-ում ցուցադրվել է Թուրքիայի ծպտյալ հայերի մասին Արագած Ախոյանի ֆիլմը
КультураՈւղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում ցուցադրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի խնդիրների մասին: Հուլիսի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամները ներկայացրեցին վեհաժողովի՝ Վիեննայում կայացած նստաշրջանի արդյունքները: Հայկական պատվիրակության անդամ Արագած Ախոյանը հայտնեց, եր վեհաժողովի ընթ ացքում քննարկում է եղել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, որի շրջանակներում ինքը հանդես է եկել զեկույցով, որին զուգահեռ ցուցադրել է Արևմտյան Հայաստանում ծպտյալ հայերի մասին պատմող իր ֆիլմը: «Ֆիլմը շատ բարձր գնահատականի արժանացավ բոլոր երկրների պատվիրակների, ինչպես նաև նիստին ներկա տարբեր երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից», Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Ախոյանը:
Մանրամասնելով՝ պատգամավորն ասաց, որ ֆիլմի տևողությունը 11 րոպե է, որի ընթացքում մանրամասն ներկայացվում են Թուրքիայում ապրող դավանափոխ եղած ծպտյալ հայերի խնդիրները, որոնք սպասում են այն պահին, երբ կկարողանան վերադառնալ իրենց արմատներին:
Պատգամավորը նաև հայտնեց, որ նիստի ավարտին ընդունվել է ազգային փոքրամասնություններին վերաբերող բանաձև, որով քաղաքակիրթ աշխարհին կոչ է արվում պահպանել տարբեր ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքները և պայքարել դրանց ոչնչացմանն ուղղված ցանկացած քայլի դեմ: Բանաձևով դատապարտվում են նաև Մերձավոր Արևելքում ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում նաև հայերի նկատմամբ հալածանքները:
Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ընդգծեց, որ վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում իրենք մեծ աշխատանք են տարել՝ տարբեր երկրների հայկական համայնքների խնդիրները վեր հանելու առումով: «Վեհաժողովին ներկա էին տարբեր երկրների հայկական համայնքի ներկայացուցիչներ: Մասնավորապես, ներկա էին ներկայացուցիչներ Լիբանանի, Իրանի, Իտալիայի և այլ հայկական համայնքներից: Իտալիայի հայկական համայնքի ղեկավարը, մասնավորապես, բավականին ծավալուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով հայկական համայնքի դերն ու նշանակությունը Իտալիայի հասարակական կյանքում»,- ընդգծեց Մինասյանը:
Պատգամավորները կարևորեցին նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վեհաժողովում նախագահող 6 երկրներից մեկն է: Նրանք նաև իրենց երախտիքը հայտնեցին վեհաժողովի տարբեր պատվիրակությունների անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:
Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 25-29-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հաջորդ նստաշրջանը, ամենայն հավանակնությամբ, կանցկացվի Սալոնիկում: