Երեք հայ կատարողներ կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին
КультураԵրեք հայ կատարողներ դեկտեմբերի 5-15-ը Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կմասնակցի Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին: Այս մասին հայտարարվեց հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մրցույթին ընդառաջ հրավիրված ասուլիսում: Հայաստանը հեղինակավոր իրադարձությանը կներկայացնեն Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ):
«ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ Հայաստանի պատանի կատարողները չէին մասնակցում մրցույթի եզրափակչին: «Երեք ներկայացուցիչ Հայաստանից այս տարվա դեկտեմբերին Նովոսիբիրսկում կմրցեն մրցույթի եզրափակչում: Մեզ և մեր երիտասարդների համար սա շատ կարևոր է»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը տեղեկացրեց, որ երեք մասնակիցներն էլ իր ղեկավարած երաժշտական դպրոցի սաներ են:
«Երեխաները միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Վստահ եմ, որ համագործակցությունը Հայաստանի և մրցույթի միջև շարունակական կլինի, նաև՝ որ մեր երեխաները դափնիներով կվերադառնան»,- ընդգծեց նա:
Միջոցառման ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցության գլխավոր տնօրեն Անդրեյ Շչերբակը տեղեկացրեց, որ կառույցը կաջակցի Երևանում իրականացվող նախագծերին, իսկ Երևանի Չայկովսկու անվան դպրոցը կլինի մրցույթի ներկայացուցիչը Հայաստանում:
Ասուլիսի ավարտին կամերային երաժշտության տանն անցկացվեց Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը: Երեկոյի ընթացքում հանդես եկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ), ինչպես նաև մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Մրցույթի կազմակերպիչներն են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը, Զարգազման միջպետական կորպորացիան։ Գլխավոր հովանավորն է «ՄԿՌ Մեդիա Արմենիա»-ն: