«Մոսկվիչ, իմ սեր». փոքր մարդու մեծ ողբերգությունը Հարավային Սախալինսկ է ուղևորվում
КультураՓոքր մարդու մեծ ողբերգությունը Հարավային Սախալինսկ է ուղևորվում: Ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ընդգրկվել է օգոստոսի 21-28-ն անցկացվող Սախալինի միջազգային «Աշխարհի ծայրը» փառատոնի մրցութային ծրագրում: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում հինգերորդ փառատոնին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ռեժիսոր Արամ Շահբազյանը տեղեկացրեց, որ փառատոնն ինքն է ֆիլմերն ընտրում: «Այդ փառատոնին հայտ չեն ներկայացնում, իրենք են ընտրել ֆիլմը: Ես ֆիլմերը փառատոն ուղարկելով չեմ զբաղվում: Ֆիլմը մրցութային ծրագրում է ընդգրկված: Չեմ կարող ասել, ինչ ակնկալիք ունեմ: Փառատոնի մասին տեղեկացված չեմ, գիտեմ, որ կազմակերպիչները շատ հետաքրքիր և բավական հայտնի մարդիկ են: Հայերն առաջին անգամ են մասնակցում, մարդ չկա, որ հետաքրքվենք, հարցնենք: Սախալին մեկնելու եմ, ֆ իլմի ցուցադրման օրը չգիտեմ»,-նշեց Արամ Շահբազյանը:
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ անվանի իրանցի ռեժիսոր և սցենարիստ Մոխսեն Մախմալբաֆը կղեկավարի փառատոնի ժյուրին: Արդեն հաստատվել է, որ փառատոնին մասնակցելու են ֆիլմեր Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Հայաստանից և Ռուսաստանից: Ամբողջական ծրագիրը հայտնի կդառնա ավելի ուշ:
«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն այլ փառատոնների էլ է մասնակցելու: Այն ընդգրկված է նաև «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային ֆիլմերի բաժնում: «Հայաստան կինոթատրոնում կներկայացվի: «Հայկական համայնապատկեր» ծրագրի բացումն այդ ֆիլմով է արվելու»,-հավելեց Արամ Շահբազյանը:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Կինոնկարի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, մեծ մասը` Վարդենիսում: «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոն է: Նա իր կնոջ հետ ապրում է Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Նրանց ողջ կարողությունը միակ կովն է և մի քանի հավը: Ամիսը մեկ անգամ Համոն գնում է շրջկենտրոն և ստանում Ռուսաստանում աշխատող որդու համեստ գումարը: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես միապաղաղ էր լինելու, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսքն ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» ավտոմեքենա է վաճառվում: Համոն գնում է գյուղ և տեսնում մեքենան: Մեքենայի տերը համաձայնվում է սպասել, մինչև Համոն կբերի 800 դոլարը: Երազանքը մինչև ծերություն պահած Համոյի համար մեքենայի գումարը ձեռք բերելը դառնում է կյանքի խնդիր: Ֆիլմն աշխարհի հեռավոր մի անկյունում ապրող մի մարդու դրաման է: