Արարատի մարզի 108 հաշմանդամներ բուժման են մեկնել առողջարաններ
ОбществоՀՀ առողջապահության նախարարության կողմից այս տարի լրացուցիչ տեղեր են հատկացվել Արարատի մարզի առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամներին Ջերմուկում եւ Գանձաղբյուրում իրենց առողջարանային-վերականգնողական 12-օրյա անվճար բուժումը ստանալու նպատակով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությո ւնից հայտնեցին, որ այս տարվա հունվարից մինչ օրս արդեն բուժման է մեկնել աղեստամոքսային համակարգի, հոդային, թոքային խնդիրներ ունեցող 108 քաղաքացի:
«Առողջարաններում բուժում ստանալը նախ եւ առաջ մեկ կարեւոր խնդիր է լուծում. դեղորայքային բուժումից հետո քաղաքացին ստանում է վերականգնողական բուժում: Առողջարաններ մեկնումը վերոհիշյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նաեւ սոցիալական եւ հոգեբանական խնդիր է լուծում. քաղաքացին գիտակցում է, որ իր առողջության պահպանման համար պետությունը քայլ է անում»,-ասաց վարչության պետ Ստեփան Խաչատրյանը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության բաշխացուցակի՝ նախորդ տարի Արարատի մարզի 105 առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամներ եւ սոցիալապես անապահով խմբի անդամներ 12-օրյա անվճար առողջարանային-վերականգնողական բուժում են ստացել: Արզնի բուժման են մեկնել 21, Գանձաղբյուր` 45, Ջերմուկ` 24 եւ Վանաձոր` 15 սրտանոթային, թոքային, հոդային, ճնշման խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Բուժում ստացողները մինչեւ 75 տարեկան քաղաքացիներ են:
Մինչ 2009 թվականն առողջարաններում վերականգնողական բուժումն իրականացվում էր ներկայիս 12 օրվա փոխարեն 18 օրով: