Հայկական լեռնաշխարհը հուլիսին սեյսմիկ ակտիվ չի եղել
ОбществоՀայաստանի Սեյսմիկ անվտանգության պետական ծառայության դիտացանցը հուլիսի սկզբից հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Սեյսմիկ անվտանգության պետական ծառայությունից, հուլիսի 2-ից մինչև 8-ը տարածաշրջանում բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ:
Հուլիսի 2-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 3 բալ (մագնիտուդ 2.5) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Սալմաստ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևմուտք: Հուլիսի 5-ին նույն ուժգնությամբ տեղի ունեցած ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Հուլիսի 2-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, տուժել՝ 48-ը, ամբողջությամբ ավերվել կամ մասամբ վնասվել է երեք հազար շինություն:
Նույն օրը Ֆիլիպինների Մինդանաո կղզուց դեպի հյուսիս գտնվող տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Հուլիսի 6-ին գրանցված 6.2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տոնգա կղզիների Օհունա քաղաքից 76 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Ռուսաստանի Կուրիլյան կղզիներում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: