Գագիկ Բեգլարյանը ԱՄՆ-ում մտահոգություն է հայտնել Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ
ОбществоՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կայացած Քաղաքական բարձրաստիճան ֆորումի նախարարական հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հուլիսի 8-ին «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. հավակնությունները համարժեք ռեսուրսների, տեխնոլոգիաների և կարողությունների հետ համապատասխանեցնելով» խորագրով նախարարական հանդիպմանը քննարկվել են համաշխարհային ետ-2015 զարգացման օրակարգը համապատասխան ֆինանսավորման հետ զուգորդելու մարտահրավերները` մատնանշելով առևտրի, ֆինանսավորման, նորարական տեխնոլոգիաների և կարողությունների զարգացման առանցքային դերը:
Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են մի շարք երկրների նախարարներ, նախարարների տեղակալներ և բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Շեշտելով ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը առևտրի, ներդրումների և տարածաշրջանային փոխգործակցության խթանման առումով` նախարար Բեգլարյանն ընդգծել է Կայուն զարգացման նպատակների իրագործման համար տրանսպորտային ցանցերի կենսական նշանակությունը: Ներկայացնելով Հայաստանի տրանսպորտային կապի դյուրացման նպատակով իրականցվող մի շարք կարևոր նախագծեր, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքն ու Հայաստանի Հարավային երկաթուղային ծրագիրը` ՀՀ տրանսպորտի նախարարը մտահոգություն է արտահայտել դեպի ծով ելք չունեցող Հ այաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով առանցքային նշանակության միջպետական ենթակառուցվածքի` Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ:
Իր ելույթում նախարար Բեգլարյանն անդրադարձել է Տնտեսական և սոցիալական խորհրդի Քաղաքական բարձրաստիճան ֆորումի հետագա գործունեությանը զարգացման նոր օրակարգի միջազգային վերահսկման արդյունավետ մեխանիզմ ապահովելու տեսանկյունից` շեշտելով հիշյալ գործընթացում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար 2014թ. Վիեննայում ընդունված Գործողությունների ծրագրի իրականացմանն անդրադառնալու կարևորությունը: