Հայաստանի ռազմական ոստիկանության քսանհինգ աշխատակիցներ մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից կազմակերպված մարդու իրավունքների թեմայով եռօրյա դասընթացին:
Մարդու իրավունքների ոլորտի տեղի փորձագետները վարել են դասընթացը, որի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգի անբաժանելի մաս:
Դասընթացի մեթոդաբանությունը հիմնվում է զինված ուժերի անձնակազմի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ձեռնարկի վրա, որը մշակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի կողմից: Մեթոդաբանությունը նաև հիմնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված դասավանդման ձեռնարկի վրա:
Դասընթացի ծրագրի թեմաներից էին՝ զինվորական ծառայության օրենքները և վարքականները, զինվորական արդարադատությունը և կիրառվող իրավական ընթացակարգերը, քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
«Մարդու իրավունքների կրթությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների հանձնառությոնւներից է, և այս վերապատրաստման դասընթացները կամրապնդեն զինված ուժերի անձնակազմի թե՛ մարդու իրավունքների ոլորտի գիտելիքները և թե՛ նրանց՝ մյուսների իրավունքների պաշտպանության հմտությունները»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:
«Մեր համատեղ ջանքերը մեծապես կնպաստեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործմանն ու անվտանգության ոլորտի արդյունավետ բարեփոխմանը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանության քաղաքականության վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Այս դասընթացը վերջինն էր՝ գրասենյակի աջակցությամբ այս տարի սույն թեմայի շուրջ կազմակերպված դասընթացների շարքում: Նախաձեռնությունը հիմնվում է վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերի անձնակազմի թիրախային խմբերին հարմարեցված վերապատրաստման ծրագրի արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: Այս ծրագրի շրջանակներումավելի քան 300 զինծառայող ամրապնդել են իրենց հմտությունները մարդու իրավունքների ոլորտում: