«Արշիլ Գորկի» բալետային ներկայացումը հանձնվեց հայ հանրության դատին
КультураՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արշիլ Գորկի» բալետային ներկայացումը հանձնվեց հայ հանրության դատին: Մեկ գործողությամբ բալետը գույների, շարժումների բազմազանությամբ, զգացմունքայնությամբ և յուրահատկությամբ անտարբեր չթողեց հանդիսատեսին: Փաստի ապացույցն անվերջ ձգվող ծափահարություններն էին: Ներկայացումն առաջին անգամ ցուցադրվեց հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արշիլ Գորկի»-ն իրականացրել են «Հզոր զգացմունքներ» պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը` Շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:
«Ներկայացման ստեղծման աշխատանքներն սկսվել են դեռ անցյալ տարվանից: Ես կարծում եմ, որ եթե որևէ բան առնչվում է Արշիլ Գորկուն և Հայոց ցեղասպանությանը, արդեն կարևորություն ունի: Կարևոր է նաև այն, որ այս թեմայի հետ կապված արվել է ներակայացում՝ առաջատար պարողների կողմից: Ամեն այսպիսի ներկայացում, ծրագիր, իր հետ Հայաստան է բերում նաև նոր բալետի շունչը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը:
Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը (Շվեդիա): Որպես մենակատարներ հանդես են գալիս Շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանը , Բավարիայի պետական բալետի հիմնական մենապարող Տիգրան Միքայելյանը, բալետի առաջատար մենապարուհի Մարիա Դիվանյանը և այլ հայտնի մենապարողներ: Երեկոյի առաջին հատվածում հանդես եկավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, որը ներկայացրեց Նորայր Մեհրաբյանի «Հերոսական բալլադը»:
«Արշիլ Գորկի» բալետային բեմադրությունն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: