Արարատի մարզը տվել է մեկ ոսկե մեդալակիր շրջանավարտ
КультураԱրարատի մարզի հանրակրթական դպրոցների 1817 շրջանավարտներից այս ուսումնական տարվա ուսման առաջադիմության արդյունքներով ոսկե մեդալի է արժանացել Նշավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Գեղամի Հարությունյանը: 9-րդ դասարանն ավարտել են 1189 շրջանավարտներ, որոնցից 39-ը ստացել են գերազանցության վկայական: Հանրակրթական դպրոցների 30 հազար 300 աշակերտներից 4200-ն այս ուսումնական տարին ավարտել են գերազանց առաջադիմությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, անդրադառնալով մարզում ոսկե մեդալակիրների թվի նվազմանը, նշեց, որ նախորդ տարի նրանց թիվը երկուսն էր: «Ոսկե մեդալ ստանալու շահագրգռվածությունն է նվազել, քանի որ այն ընդունելության քննություններում ոչ մի արտոնություն չի տալիս: Այդ հանգամանքն «օգնում» եւ հաշվի է առնվում միայն հավասար միավորների պայմաններում»,-ասաց Մկրտչյանը, ավելացնելով, որ այն միայն ավելորդ լարվածություն է առաջացնում, ին չի պատճառով էլ շրջանավարտների շրջանում նվազել է ոգեւորվածությունը:
Մարզում այս տարի միասնական քննություններին մասնակցել է շուրջ 800 շրջանավարտ: «Բարձր արդյունքներ են արձանագրվել «քիմիա», «կենսաբանություն» առարկաներից: Վերջնական արդյունքները կունենանք հուլիսի կեսից հետո, երբ Երեւանում կավարտվի միասնական քննությունների երկրորդ փուլը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փուլին մասնակցում են այն շրջանավարտները, ովքեր բացակա են եղել հիվանդության կամ հանրապետությունից բացակայության պատճառով:
Այս պահին վարչության կողմից դպրոցներից ընդունվում են ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, որոնց վերլուծություններից հետո կմշակվեն հաջորդ ուսումնական տարվա անելիքները: