«ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերն արդեն վաճառվում են առցանց եղանակով
КультураՏաթև այցելող և «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել առցանց եղանակով՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք՝ www.tatever.am:
«Սա հայաստանյան զբոսաշրջային ուղղություն ներկայացնող առաջին կայքն է, որը տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է առաջարկում: Այս մեխանիզմը հաջողությամբ կիրառվում է արտերկրում և, հատկապես, զարգացած զբոսաշրջային կենտրոններում: Մեր նպատակն է օգտագործել միջազգային լավագույն փորձը և ավելի մատչելի ծառայություններ մատուցել ճոպանուղի այցելող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը և վայելել Տաթևը»,-ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, առցանց եղանակով տոմսերի գնման համակարգի ներդրումը «ՏաԹևեր» ճոպանուղում շարունակաբար իրականացվող՝ զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքների մի մասն է: Գարնանը ճոպանուղում ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ մատուցել:
«Տոմսերի գնման օնլայն համակարգը ինտեգրված է SKIDATA-ի համակարգի հետ, և երբ այցելուն ցանկանում է կայքի միջոցով գնել տոմսը, նրան առաջարկվում է ընտրել իրեն հարմար օրը և ժամը, այնուհետև այդ միջակայքում ընտրել ազատ չվերթը: Վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, անվտանգությունը երաշխավորվում է բանկային համակարգում կիրառվող ծրագրային ապահովման համակարգով: Այսպիսով, տոմսը հնարավոր է ձեռք բերել արագ, առանց հերթ կանգնելու: Սա իսկապես նորույթ է հայաստանյան շուկայում»,- նշում է կայքի պատրաստման և տոմսերի գ նման օնլայն համակարգի ներդրման աշխատանքներն իրականացրած BigBek ընկերության ղեկավար Գարիկ Գյուլասարյանը:
Արդիականացվել է նաև «ՏաԹևեր» ճոպանուղու պաշտոնական կայքը:
Այցելուն ոչ միայն կարող է տոմս գնել, այլ նաև տեղեկանալ զբոսաշրջային այս տարածաշրջանում մատուցվող տարբեր ծառայությունների, կազմակերպվող միջոցառումների, գործող հյուրանոցների ու հյուրատների վերաբերյալ, գտնել այն ողջ տեղեկատվությունը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկին, ընդ որում՝ ոչ միայն Տաթևի տարածքի, այլև ճանապարհին գտնվող տեսարժան վայրերի մասին: