«Ընթերցող Երևան» տոնավաճառը համախմբել է երկու տասնյակից ավելի կազմակերպությունների
КультураԵրևանի տարբեր գրախանութներ, հրատարակչություններ և գրադարաններ Միսաք Մանուշյանի անվան պուրակում մասնակցում են գրքերի բացօթյա ցուցահանդես-վաճառքի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 10-11-ը բոլոր գրքասերները հնարավորությունն ունեն այցելելու գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառին, որն այս տարի անցկացվում է «Ընթերցող Երևան» խորագրով:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծեց, որ հաճախ ասում են, թե ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը պակասել է: «Բայց պետք է ամենքս էլ փաստենք, որ հատկապես վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերվել գրքի և գրականության հանդեպ»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց քաղաքապետի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին՝ միջոցառմանը մասնակցելու համար:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքը հավակնում է ավանդական դառնալ: «Այն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում։ Անցյալ տարվա և այս տարվա համեմատ մասնակիցների առումով աճ է տեղի ունեցել: Յուրաքանչյուրը ներկայացրել է իր նոր հրատարակությունները: Միջոցառման նպատակը պարզ է՝ շարունակել սերմանել սերը դեպի գիրքը, ընթերցանությունը»,-նշեց Մարիա Բարաղամյանը :
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետի խոսքով՝ գիրքը մնում է արդիական, և անհրաժեշտ է սիրել այն: «Տուրիզմի տեսանկյունից այս միջոցառումը ևս շատ կարևոր է: Մոտ 25 կազմակերպություն է մասնակցում»,-նշեց նա: Իրադարձության շրջանակում կանցկացվեն նաև տարատեսակ գեղարվեստական միջոցառումներ:
Մասնակիցները փաստում են՝ միջոցառումը կարևոր է ներկայացնելու և հանրության դատին հանձնելու նոր գրքերը, ինչպես նաև խթանելու ընթերցասիրությունը: Գրքի և գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին ներկայացրին ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: