ԱՊՀ երկրների մշակույթի նախարարները Երևանում նախանշում են համագործակցության նոր ծրագրեր
ОбществоԱնկախ պետությունների համագործակցության երկրների մշակույթի նախարարներն ու ոլորտի այլ պատասխանատուներ Երևանում մեկնարկած ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի 30-րդ նիստին ամփոփելու են նախորդ տարվա աշխատանքները և նախանշելու են գործակցության նոր ուղղություններ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվելու ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպմանը, բազային կազմակերպությունների հաշվետվություններին, որոնց ցանկում ընդգրկված է նաև Մատենադարանը: Այս մասին հուլիսի 10-ին խորհրդի 30-րդ նիստի բացմանը լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Հայաստանը ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդում նախագահում է 2012 թվականից: Այդ ժամանակ ևս մեր երկիրը հյուրընկալել է խորհրդի նիստը: Այս անգամ խորհրդի անդամները նաև կմասնակցեն «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ- 2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսին», Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի նախարարը մանրամասնեց, որ հանդիպմանը խոսելու են նաև 2016-2020 թթ. ծրագրերի կատարման մասին, որը հաստատված է ԱՊՀ երկրների կառավարությունների կողմից: Անդրադարձ է կատարվելու նաև բոլոր այն կոնվենցիաներին, որոնց Հայաստանի հետ միասին միացել են նաև ԱՊՀ մասնակից պետությունները:
Նիստի բացմանը ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր կոմիտեի ընդհանուր քաղաքականության և սոցիալական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Կիկուն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհեց հիմնադրամի բարձր պատվոգիր:
ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի 30-րդ նիստն անցկացվեց Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Մասնակիցները նիստից առաջ շրջայց կատարեցին թանգարանով և ծանոթացան մեծ երգահան Կոմիտասի կյանքին: