Եթե սահմանին մի բան կատարվի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ կգնան ու կպատերազմեն
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում հավաքված հանրությունը՝ մի խումբ երիտասարդ առաջնորդների գլխավորությամբ, երեկ` հուլիսի 10-ին, դադարեցրել են հայտարարված նստացույցը: Իսկ Երեւանի «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն էլ հացադուլից է դուրս եկել:
Տեղեկացնենք, որ նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են առաջիկայում ասուլիսներ տալ, իրազեկման ակցիաներ եւ երթեր անցկացնել: Շարժումը համակարգող խմբի անդամները առաջիկայում նաեւ հանրահավաք են նախատեսում, որի օրը դեռեւս չեն հստակեցրել: Պայքարի նման ավարտը թեպետ սպասված էր, սակայն թե որն էր իշխանության դեմ դեռ չսկսած պայքարի վախճանի հիմնական պատճառը, թերեւս մտածելու տեղիք է տալիս: Միգուցե պատճառն էլ հենց այն անձանց ներկայությունն էր, ովքեր մեղադրվում են տարբեր գրանտներ կպցնելու եւ հակապետական ծրագրեր իրականացնելու մեջ: Պատճառ կարող է լինել նաև սահմանին տիրող լարված վիճակը:
Ըստ նախաձեռնող խմբի անդամ Արամ Թարվերդյանի՝ գրանտակերներն ամենուր են. «Իհարկե, պայքարի դուրս եկածների մեջ եղել են մարդիկ, ովքեր կուսակցական են, սակայն կան մարդիկ, ովքեր կուսակցական չեն, սակայն դա չէ խնդիրը. երբ մարդիկ ոտքի են կանգնում ու համախմբվում, նրանք խոսում են ժողովրդի անունից: Պայքարի ժամանակ կարող են ոտքի կանգնել ու միասնական գործել բոլորը: Նման պայքարների կարող են միանալ եւ՛ ՀՀԿ-ականները, եւ՛ ոստիկանները, եւ՛ այլք: Պետք է նշեմ, որ հիմա եւս պայքարը շարունակվում է, սակայն մի փոքր այլ ձեւաչափով»:
Ինչ վերաբերում է սահմանին տիրող վիճակին, Ա. Թարվերդյանը պատասխանեց. «Աստված չանի, եթե սահմանին մի բան կատարվի՝ յուրաքանչյուր հայ տղա, ՀՀ քաղաքացի՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ պատրաստ են գնալ սահման ու պայքար տալ: Սահմանին տիրող զարգացումները, սակայն, կապ չունեն Երեւանում տիրող զարգացումների հետ. ուղղակի ժողովուրդն արդարություն է պահանջում: Պետք չէ երկրի ներքաղաքական կյանքը պարալիզացնել` պատճառաբանելով, որ սահմանին վիճակը լարված է կամ այնտեղ կրակում են»:
Սոսե Չանդոյան