Երեք արդարացի պահանջներից ոչ մեկը դեռ կատարված չէ. Արամ Մանուկյան
ИнтервьюԱզատության հրապարակը երեկոյան ժամերին այլեւս այդչափ մարդաշատ չէ, չեն հնչում պահանջատիրական խոսքեր եւ ելույթներ: Մարդիկ հավաքվում են պարզապես զբոսնելու եւ հաճելի զրուցելու համար: Դե, իսկ Բաղրամյան պողոտան էլ արդեն վաղուց երթևեկելի է…
Թեպետ Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները օրերս հայտարարեցին, որ թե՛ Բաղրամյան պողոտայում, եւ թե՛ դրանից հետո՝ Ազատության հրապարակում իրականացվող գործընթացները կրում էին մեկ` քաղաքական նպատակ, այն է՝ պայքար գործող իշխանությունների դեմ, այնուամենայնիվ, այդ երկու վայրերի գործընթացները խիստ տարբերվող էին:
Այսպիով, Բաղրամյանում իրականացված նստացույցի, դրա ընթացքի եւ հետեւանքների մասին Orer.am-ը զրուցեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ առաջին իսկ օրվանից պայքարի դուրս եկած ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանի հետ.
-Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդությունը կատարեց բացառիկ քայլ, նա լսելի դարձրեց իր ձայնն իշխանություններին, իսկ վերջիններս էլ ինչ-որ չափով հաշվի նստեցին պայքարի դուրս եկածների հետ: Ի՞նչ ես կարծում, իշխանությունը չուներ այլընտրանք, այդ իսկ պատճառո՞վ հաշվի նստեց ժողովրդի հետ:
- Ի՞նչ հաշվի նստելու մասին է խոսքը, եթե երեք արդարացի պահանջներից ոչ մեկը դեռ կատարված չէ :
-Թեպետ պայքարի առաջին օրերին տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ, սակայն դրանից հետո երկու կողմերի միջեւ ձեւավորված հարաբերություններին անգամ նախանձել էր կարելի: Կարո՞ղ ենք ասել, որ պայքարի դուրս եկած հանրությունը պայքարի նոր ձեւաչափ մտցրեց հայաստանյան իրականության մեջ:
-Երկու կողմանի բախում չի եղել, ոստիկանությունը կատարել է ապօրինի գործողություններ խաղաղ ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների դեմ:
-Ի՞նչ ես կարծում, Բաղրամյանում տեղի ունեցող զարգացումներից հետո իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ կփոխվի՞:
-Սարգսյան Սերժը պիտի որ հասկացած լինի՝ որոշողը ժողովուրդն է, ոչ թե ինքը՝ իր ոստիկանության հետ:
Սոսե Չանդոյան