Կարճաղբյուրի տարածքում Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 200 հազար մանրաձուկ
ОбществоԳեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նա խարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, պաշտոնական այլ անձինք:
«Նախկին ձկնաբուծական գործարանի փակվելուց հետո առաջին անգամ մանրաձկան բաց թողում իրականացվեց Կարճաղբյուր համայնքում, որտեղ տարածքի բնակլիմայական պայմաններն առավել նպաստավոր են իշխանի բազմացման համար: Մայրական կազմը ձեւավորվել է համալիր ծրագրի փորձնական փուլի ընթացքում, Սեւանա լճում տեղակայված տնտեսությունում, անցել է լուրջ գիտական փորձաքննություն եւ այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ լիճ են բաց թողնվում գենետիկորեն մաքուր Սեւանի իշխանի մանրաձկներ»,- հավաստեց Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի տնօրեն Արշակ Աղաջանյանը:
Հետագայում Ամառային իշխան եւ Գեղարքունի տեսակների մայրական կազմը կձեւավորվի Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանում, որը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ որտեղ կներդրվեն միջազգային լավագույն տեխնոլոգիաները: Նախատեսվում է, որ 2016 թվականին հիմնադրամի կողմից լիճ բաց կթողնվի մեկ միլիոնից ավելի մանրաձուկ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը եւ նրանց ուղեկց ող պաշտոնական այլ անձինք այցելեցին նաեւ Կարճաղբյուրում կառուցվող մանրաձկան գործարան ծանոթացան շինարարության ընթացքին: Ինչպես հավաստեց «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան:
«Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների վերականգնումը եղել է մեր ժողովրդի տասնամյակների երազանքը, որը սակայն մենք այսօր քայլ առ քայլ դարձնում ենք իրականություն: Մոտ ապագայում արդեն մենք կունենանք Սեւանի իշխանի արդյունագործական պաշարներ եւ արդյունահանման հնարավորություններ»,- նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան