Ապաքինվելուց հետո տուժող Զաքարյանը ցուցմունք կտա Տիգրան Խաչատրյանի դեմ
ОбществоՕրերս լրատվամիջոցներում շրջանառվեցին լուրեր այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ առողջական վիճակում կգտնվի մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը, միեւնույնն է, նա կհարցաքննվի:
Ցանկանալով տեղեկանալ Հ.Զաքարյանի առողջական վիճակի մասին՝ Orer.am-ը կապ հաստատեց տուժողի հոր` Գագիկ Զաքարյանի հետ, ով զրույցի ժամանակ նշեց. «Իմ տղան չի հարցաքննվել Ռուսաստանից վերադառնալուց հետո, նա պարզապես ի վիճակի չէ: Նրա առողջական վիճակը լավ չէ»,- նշեց Գ.Զաքարյանը:
Նա նաեւ հավելեց, որ բժիշկները տղային հորդորել են պառկել, քանզի նրա մոտ ի հայտ են եկել առողջական նոր խնդիրներ. «Երեւի ճնշման տատանումից է եղել, Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ տղայիս աչքի մազանոթները պայթել են, նա հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մենք կապ ենք հաստատել Ռուսաստանում Հարությունի բուժող բժշկի հետ, ով հիմա Ամերիկայում է գտնվում: Նա խորհուրդ է տվել անշարժ պառկած մնալ, դեղորայքային բուժումը շարունակել, մինչև կրկին Մոսկվա մեկնենք՝ հաջորդ վիրահատության համար»:
Տուժողի հայրը նշեց, որ աչքի լույսից զրկված Հարություն Զաքարյանի հաջորդ վիրահատությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին: Ըստ նրա՝ բժիշկներն այժմ պայքարում են աչքը պահպանելու համար, քանի որ հիվանդի տեսողությունը վերակագնելն այժմ անհնար է. «Օգոստոսին կրկին պետք է գնանք Մոսկվա, բուժումը շարունակելու, իսկ հոկտեմբերին արդեն կվիրահատեն՝ աչքը պահպանելու համար»,- ասաց Գ.Զաքարյանն ու հավելեց. «Երբ ամեն ինչ բարով-խերով ավարտվի, հենց այդ ժամանակ էլ տղաս ցուցմունք կտա ու կասի, որ իրականում նրան դաժան ծեծի ենթարկողներից մեկը Սյունիքի մարզպետի տղան է` Տիգրան Խաչատրյանը»:
Հիշեցնենք, որ տուժող Զաքարյանն արդեն իսկ չորս վիրահատության է ենթարկվել, իսկ այս օրերին նրա առողջական վիճակը կրկին վատացել է` աչքերն արյուն են լցվել: Ծնողները, հղում անելով բուժող բժշկի խոսքին, ասում են, որ, հավանաբար, դա կապված է ճնշման տատանման հետ:
Սոսե Չանդոյան