Սեւանի իշխանի վերականգնման հիմնադրամը կարեւորում է ձկնատեսակի բնական վերարտադրության ապահովումը
ОбществоՍեւանա լճում իշխան ձկան պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացումը խթանող ծրագիրը, որն իրականացվում է Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի միջոցներով եւ «Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից, միայն իշխանի մայրական կազմի, մանրաձկան արտադրությամբ ու ձկան արդյունագործական պաշարների վերականգնմամբ ու վերամշակմամբ չի սահմանափակվելու:
Ինչպես տեղեկացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, ծրագիրը համալիր լուծումներ է նախատեսում Սեւանի ավազանի պահպանության եւ լճում իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ: Հիմնադրամի հիմնական նպատակներն են` Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնումը, Սեւանա լճի հիմնախնդիրների լուծումը` կիրառելով գիտելիքահեն եւ նորարարական տեխնոլոգիաներ:
Այս պահին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում իրականացնվում է մանրաձկան գործարանի շինարարություն, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Այն դառնալու է Սևանի իշխանի երկու ենթատեսակների` «Գեղարքունի» եւ «Ամառային բախտակ» մանրաձկան հիմնական մատակարարը Սեւանա լճի համար: Ստեղծվել է նաեւ հատուկ խորհուրդ` Սեւանա լճով զբաղվող ինստիտուցիոնալ կառույցների մասնագետներից, ովքեր աշխատում են Սեւանի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախատեսվում է Սեւանա լճում պարբերաբար իրականացնել ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզ կդառնան առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Նախատեսվում է կառուցել մաքրման կայաններ` Սեւան թափվող կեղտաջրերի քանակը նվազեցնելու համար, մաքրել ափամերձ անտառային տարածքները:
«Մենք պետք է ձգտենք պայմաններ ստեղծել Սեւանի իշխանի բնական վերարտադրության համար, որի համար պետք է կարողանանք պահպանել առաջին հերթին ջրի մաքրությունը եւ իշխանի ձվադրավայրերը: Այդ դեպքում ծրագիրը կլինի շատ ավելի արդյունավետ, քան արհեստական վերարտադրության դեպքում է»,-նշեց Արշակ Աղաջանյանը: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, պաշտոնական այլ անձինք: