«Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է». Քահանա Արթենյանը Վարդավառի տոնի մասին
ОбществоԱյսօր` հուլիսի 12-ին, ողջ Հայաստանն ու հայությունը տոնում են Վարդավառի տոնը: Դարերից եկած այս տոնի մասին Orer.am-ը զրուցեց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ.
«Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վերջինս հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Համաձայն Ավետարանի՝ Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է: Ինչպես ավետարանիչներն են վկայում, Պայծառակերպությունն արտաքնապես դրսևորվեց լուսավոր իրողությամբ, երբ Քրիստոսի ամբողջ մարմինը, դեմքը, զգեստները լույսի պես փայլում էին, և այդ լույսի մեջ Քրիստոս բացահայտեց իր աստվածային էությունը:Պայծառակերպության ամբողջ խորհուրդն ու իմաստը մեզ համար կարևորվում է հատկապես հոգևոր վերափոխմամբ, հոգևոր զարթոնքի, աստվածային ներկայության բացահայտման խորհրդով»:
Քահանա Արթենյանը նշեց, որ տոնն ավելի շատ հայտնի է Վարդավառ անունով: Կարեւոր է, որ տոնի կապակցությամբ մարդիկ միմյանց վրա ջուր լցնեն ու աղավնիներ բաց թողնեն, քանզի դրանք իրենց խորհուրդն ունեն.
«Միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է»,- ասաց քահանան ու հավելեց. «Եթե մենք մտածում ենք, որ իրար վրա ջուր լցնելով Վարդավառը կատարեցինք, ապա սխալվում ենք, քանի որ առաջին ու ամենակարևոր պայմանը սուրբ պատարագին մասնակցելն է»:
Խոսելով նաեւ տոնի անվան մասին Տեր Եսային մանրամասնեց.
«Վարդավառ ժողովրդական անվանումը գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունը կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է»:
Սոսե Չանդոյան