Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը կմասնակցի կալիֆորնիական փառատոնին
Культураnews.am-ը գրում է.
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Նապայի հովտում հուլիսի 10-26-ն անցկացվող Դել Սոլե փառատոնին հայտնի երաժիշտներ են մասնակցում, այդ թվում՝ հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
Ըստ «San Jose Mercury News»-ի, Օրբելյանը հուլիսի 15-ին եւ 26-ին նախանշված համերգների ընթացքում ղեկավարելու է Ռուսական ազգային նվագախումբը: Օրբելյանի մասնակցությամբ համերգներին պետք է ելույթ ունենար նաեւ աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խբորովստովսկին, սակայն վերջերս նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, այդ պատճառով հռչակավոր երաժիշտը ստիպված է եղել չեղյալ հայտարարել ելույթները: Նրա փոխարեն հանդես կգա ռուսաստանցի Իլդար Աբդրազակովը:
Կոնստանտին Օրբելյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, 1956 թվականին, ներգաղթյալների ընտանիքում: Նա հայկական, ռուսական եւ ուկրաինական արմատներ ունի: 11 տարեկանում որպես դաշնակահար առաջին համերգն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի Սիմֆոնիկ նվագախմբի հետ:
1991-2009 թվականներին նա եղել է Ռուսաստանի Պետական ակադեմիական կամերային նվագամբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 2003-ին Կոնստանտին Օրբելյանը Ռուսաստանի Վաստակավոր արտիստի կոչում է ստացել: Ի դեպ, նա Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող առաջին օտարերկրացին, որին շնորհվել է այդ կոչումը: Հավելենք, որ «Opera News» պարբերականն Օրբելյանին կոչել է ժամանակակից լավագույն վոկալ դիրիժորը: