Թեւան Պողոսյանը հորդորում է ցուցարարներին մասնակցել «ՀԷՑ»-ում անցկացվող աուդիտին
ОбществоԵթե «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում աուդիտն անցկացվի թափանցիկ, ապա չի բացառվում՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի: Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ աուդիտը միայն ֆինանսական հաշվարկները չեն, այլեւ ուսումնասիրությունները ընկերության կառավարման համակարգում եւ մատուցվող ծառայության որակի ստուգումը:
«Պետք է հասկանալ, թե 250 մլն դոլարի պարտքը որտեղից է առաջացել: Միայն Բիբինը չէ, որ մեղավոր է այս ամենի մեջ: «ՀԷՑ»-ը 2002թ. է ընդգրկվել ռուսական ընկերության մեջ, հետեւաբար, այս 13 տարիների ընթացքում են տարբեր գործարքներ իրականացվել, որոնցից էլ առաջացել է այս հսկայական պարտքը»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում օրեր տեւած ցույցերին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ երիտասարդությունն արթնացրեց պետական մեքենային:
«Եթե այս երիտասարդները մտահոգված են ամբողջ համակարգով, ապա պետք է մասնագիտական խմբեր կազմեն եւ մասնակցեն աուդիտին»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ հարյուրավոր քաղաքացիներ հունիսի 22-ից փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հունիսի 27–ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը՝ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Նախագահի հայտարարությունից հետո Բաղրամյան պողոտայում ցույցեր շարունակվեցին՝ մինչեւ հուլիսի 6-ը, երբ ոստիկանությունը բացեց պողոտան՝ բերման ենթարկելով ավելի քան 40 ակտիվիստի: