Արտաշատցիները Վարդավառը նշեցին բեմականացմամբ
ОбществоԱրտաշատի Սբ Հովհաննես եկեղեցու բակը լեփ-լեցուն էր հուլիսի 12-ի վաղ առավոտից մինչև ուշ երեկո:
Հիսուսի Պայծառակերպության տոնը, որը ժողովուրդն անվանում է Վարդավառ` Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մարզկենտրոնում տեղի ունեցած տոնակատարությունն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզային եւ քաղաքային կառույցի աշխատողներ, հյուրեր, այլք:
Արմենպրեսի փոխանցմամբ` միջոցառմանը նախորդեց պատարագը: Պատարագիչ քահանա Տեր Թաթուլ Գասպարյանը հավատավոր ժողովրդին բացատրեց օրվա խորհուրդը. Հիսուս փրկիչը բարձրացել է Թափոր լեռան գագաթը` երեք աշակերտներով: Նրանք նկատել են, որ Տիրոջ դեմքը պայծառացել է վերից վար` դարձել լուսեղեն: Տեր Թաթուլ քահանան ասաց, որ դրանով Հիսուսը ցույց է տվեց իր Աստվածային էությունը:
Արդեն եկեղեցու բակում հոգեւոր հայրն օրհնած վարդաջրով ցողեց բոլորին: Օրհնեց կարկանդակներով, քաղցրավենիքով, ցորենով զամբյուղները, ապա այն բաժանվեց ներկաներին:
Օրվա խորհրդին խիստ հարիր էր նաեւ բեմականացումը. Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մեծ արվեստով էր ներկայացրել այն: Եկեղեցու բակում Թափոր լեռն է, այնտեղ է Հիսուսն իր երեք աշակերտներով, ապա երեւում են Եղիա եւ Մովսես մարգարեները: Սբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը կատարեց Հիսուսի Պայծառակերպությանը նվիրված շարականներ, երգեր, մշակույթի տան «Արտաշատ» պարի համույթը (պարուսույց Հակոբ Մովսիսյան)` «Վարդավառի շարք» պարերը, հյուրերը մեկը մյուսի վրա ջուր ցանեցին:
Համաքաղաքային Վարդավառը շարունակվեց մինչեւուշ երեկո: Մինչ կեսգիշեր չէր դադարում քաղաքացիների հոսքը եկեղեցու բակ: