Իրավիճակն ուղղել միշտ հնարավոր է, իսկ ցուցաբերված վերաբերմունքն ու արտաբերված բառերը, ցավոք, ոչ
Общество«Նովոյե վրեմյայի» անցած թողարկումներից մեկում հրապարակվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հարցազրույցը, որտեղ վերջինս լուրջ անհանգստություն էր հայտնել, որ կոլեկտիվը պահանջված չէ Հայաստանում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակում:
Ավելին, Թոփչյանն իրեն թույլ էր տվել կասկածանքով արտահայտվել Արցախում կայանալիք համերգի ենթադրյալ դիրիժորի ընտրության վերաբերյալ: «Սեպտեմբերի 1-ին պետք է տեղի ունենա Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը Արցախում, ու եթե մեզ այնտեղ չտանեն, ապա ստացվում է, որ մեր նվագախումը ներգրավված չէ պետության կողմից»,-նշել էր նա: Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ միջոցառման կազմակերպիչն անմիջականորեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, մենք որոշեցինք անհապաղ լույս սփռել իրավիճակի վրա:
«Ինձ համար զարմանալի, եթե չասեմ՝ վիրավորական է Էդուարդ Թոփչյանի նման հայտարարությունը: Մենք արդեն որերորդ տարին ենք սեպտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպում համերգներ՝ նվիրված Հանրապետության հռչակմանը: Նախանցած տարի դիրիժորություն արել է Թոփչյանը. կայացավ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, հաջորդ տարի ներկայացվեց Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ համերգներին, ռազմավարական նշանակության միջոցառումներին, որ կոչված են լույս սփռել անկախ հանրապետության վիճակի վրա, նպաստել համաշխարհային հանրության կողմից անկախության ճանաչմանը: Այդ նպատակով ամեն տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու Հայաստան են այցելում համաշխարհային մեծության աստղեր, ովքեր մասնակցում են վերոնշյալ միջոցառումների շրջանակում ու դրանից դուրս կազմակերպվող համերգներին: Վերջերս, ինչպես գիտեք, Արցախ այցելեց հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան՝ դրա համար «վճարելով» Ադրբեջանի կողմից անցանկալի անձանց ցուցակը համալրելով:
Զարմանալի չէ, որ սեպտեմբերյան համերգի համար մենք պատրաստվում ենք հրավիրել հայտնի երաժիշտների, մասնավորապես, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, գեղարվեստական ղեկավար Անատոլի Աբրամովիչ Լևինին: Ոչնչով չնսեմացնելով Թոփչյանի տաղանդն ու արժանապատվությունը՝ ստիպված եմ արձանագրել նրա կողմից իր գործընկերոջ ու կազմակերպիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ովքեր, նրա խոսքով, իրենք էլ գիտակցել են ընտրության սխալ լինելը, սակայն հիմա չգիտեն՝ ինչպես ուղղել վիճակը: Նշենք, որ իրավիճակն ուղղել միշտ հնարավոր է, իսկ ահա ցուցաբերված վերաբերմունքն ու արտաբերված բառերը, ցավոք, ոչ: Անկեղծ խոստովանեմ՝ մեզ մի փոքր այլ կերպ էր թվում երկու դիրիժորների հանդիպման տեսարանը. հյուրընկալ հայ դիրիժորը դիրիժորական փայտիկը փոխանցում է իր հայտնի ռուս գործընկերոջը՝ ողջունելով նրան հայկական հողում: Ցավոք, հիասթափվեցինք...
Մենք բարձր ենք գնահատում նրան՝ որպես երաժիշտ, ինչի մասին վկայում է արտասահմանում նվագախմբի մասին բարձր գնահատականը, ինչպես բաև պետության կողմից բարձր ուշադրությունը: Ամեն ինչ փոխկապակացված է, սակայն հիասթափեցնում ու մտահոգության տեղիք է տալիս նրա անվստահությունը, եթե չասենք՝ սեփական անձի նկատմամբ կասկածամտությունը: Դա այն դեպքում, երբ դեռ կես տարի առաջ ես անձամբ եմ հայտնել Թոփչյանին, որ Արցախում սեպտեմբերյան համերգին նվագելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ինչի՞ համար է այդ ապատեղեկատվությունը մատուցվում ընթերցողին: Ամեն բան իր տեղն ունի, ամեն ինչ գնահատվում է ըստ արժանվույն, սակայն ներկայացնել սեփական ամբիցիոզությունը որպես ձևավորված կարծիք կամ «հիմնավորված» մտավախություն, անհարգալից վերաբերմունք է ընթերցողի հանդեպ՝ որպես շնորհակալ ունկնդրի ու Հայաստանի ազգային նվագախմբի հովանավորների հանդեպ»: