ԱԱԾ աշխատակիցները քաղաքացու մարմնում թմրամիջոցների խմբաքանակ են հայտնաբերել
ОбществоԿոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Մխիթար Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի երրորդ մասի առաջին և երկրորդ կետերի և 215-րդ հոդվածի չորրորդ մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին Արմենպրեսին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Մխիթար Սամսոնյանը Ռուսաստանի Դաշնությունից թմրամիջոց ձեռք բերելու և Հայաստան փոխադրելու ու իրացնելու նպատակով 2013 թվականին կազմել է խումբ` դրանում ընդգրկելով նաև իր աներձագին՝ Է. Միսակյանին և նրա ծանոթ Է. Բադալյանին:
Վերը նշված անձինք, 2013 թվականի հուլիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերելով առաջին խմբաքանակը, փորձել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված թմրամիջոցները ուղիղ աղիքում տեղավորելու եղանակով ինքնաթիռով տեղափոխել Հայաստան:
Զվարթնոց օդանավակայանում մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց հետո Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը և Իզմիլյան բժշկական կենտրոնում բժիշկների միջամտությամբ դրանք հանել են Է. Բադալյանի օրգանիզմից:
Վերը նշված քրեական հոդվածներով` մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով տուգանք և յոթից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Մխիթար Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: