Սեւանում սիգի պաշարների ավելացումը կապված է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների քանակի նվազման հետ
ОбществоՍեւանա լճում այս տարի դիտվել է սիգ ձկնատեսակի պաշարների նկատելի աճ, որը հաստատվել է ոչ միայն շուկաներում վաճառվող սիգի առատությամբ ու նախորդ տարվա համեմատ նվազեցված գներով, այլ նաեւ` մասնագետների ուսումնասիրությամբ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, վերջին երկու տարիների ընթացքում Սեւանա լճում սիգի պաշարները նվազագույնի հասած 8 տոննայից հասել են մինչեւ 300 տոննայի: Կենտրոնի տնօրենը սիգի պաշարների ավելացման հիմնական ազդակ է համարում որսագողերի կամ ապօրին ձկնորսությամբ զբաղվողների նվազումը: «Մինչեւ 2012 թվականը սիգի պաշարները նվազել էին այնչափ, որ արդեն ձկնորսները գերադասեցին թողնել իրենց զբաղմունքը եւ մեկնել արտագնա աշխատանքի: Երկու-երեք տարին բավարար եղավ, որպեսզի սիսգի պաշարները քիչ որսվելու պայմաններում սկսեն վերական գնվել բնական ճանապարհով»,-նշեց Բարդուղ Գաբրիելյանը:
Անդրադառնալով Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման պետական ծրագրին` Բարդուղ Գաբրիելյանը հույս հայտնեց, որ ծրագրի ներդրման արդյունքում ինքնաբերաբար կկարգավորվեն նաեւ Սեւանա լճի կենդանական աշխարհի պահպանության եւ վերարտադրության հետ կապված խնդիրները:»Ցանցավանդակային տնտեսությունների տարածքները վերահսկվելու են, ուստի այդ հատվածներում բացառվելու է որսագողությունմը կամ ապօրինի ձկնորսությունը: Կարծում եմ, որ շատ ձկնորսներ աշխատանքի կանցնեն ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններում կամ կներգրավվեն այլ աշխատանքներում: Հենց այս գործոններն էլ նպաստավոր կլինեն նաեւ սիգի բնական վերարտադրության համար»,-նշեց կենտրոնի պետը: