Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարը Երևանում բացահայտել է Բանգլադեշ թաղամասը
ОбществоՀայաստան այցելությամբ Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարար Ասադուզաման Նուռը բացահայտել է Բանգլադեշ թաղամասը և իր անվան խորհուրդը: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողներին տեղեկացրեց Ասադուզաման Նուռը` շրջայց կատարելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը երևանցիներն անվանում են Բանգլադեշ: «Իմանալով իմ անվան խորհուրդը, որը Հայաստանում խորհրդանշական միրգ է, և իմ երկրի համանուն թաղամասի մասին` ես ցանկացա այցելել այն: Իսկ տուն վերադառնալուն պես ես կտեղեկացնեմ իմ հայրենակիցներին Հայաստանում փոքր Բանգլադեշի գոյության մասին»,- ասաց Ասադուզաման Նուռը:
Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարը խոստովանեց, որ մինչև Հայաստան այցելելը քիչ բան գիտեր հայերի և հայկական մշակույթի մասին՝ միայն տեղյակ էր 17-18 դդ. Բանգլադեշում հայերի բնակվելու մասին, ովքեր մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսական և կրթական բնագավառներում: «Այցելելով թանգարաններ և պատկերասրահներ` ես տպավորված եմ հայ հնագույն և ժամանակակից արվեստով ու մշակույթով: Անչափ հաճելի է տեսնել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը ջանում պահպանել և հանրաճանաչ դարձնել հայկական մշակույթը», - Սուրբ Երրորդություն եկեղ եցի այցելությունից հետո ասաց Ասադուզման Նուռը:
Եկեղեցի այցելությունից հետո Ասադուզման Նուռն այցելեց Հարավարևմտյան թաղամասի շուկա, որտեղ նա հետաքրքությամբ ուսումնասիորում էր հայկական բանջարեղենն ու մրգերը՝ փորձելով գտնել բանգլադեշյան ընդհանրություններ: «Երկրի մարդկանց հասկանալու համար պետք է այցելել շուկա: Մասնագիտությամբ լինելով դերասան` ինձ հետաքրքիր էր տեսնել բազմազան սոցիալական շերտերից ներկայացուցիչների, նրանց վարքագիծը, գնումներ կատարելու ոճը»,-ասաց Ասադուզման Նուռը:
Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարը, ով Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը կայուն զարգացման գործում» 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հուլիսի 12-ին հանդիպել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: