Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է կազմակերպել հայկական և սիրիական մշակույթի օրեր
КультураՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ողջունել է Սիրիայի նախարար Իսսամ Խալիլին եւ կարևորել է նրա` «Մտքի ավերածություն» խորագրով զեկույցը «Մշակութային ժառանգությունը որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն» կլոր սեղանի շրջանակում:
Հասմիկ Պողոսյանն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Սիրիայում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով և շեշտել է, որ ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսանում նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով:
Սիրիայի մշակույթի նախարարը մտահոգություն է հայտնել զինված հակամարտության պատճառով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ։
ՀՀ մշակույթի նախարարը կիսել է արաբ գործընկերոջ մտահոգությունը և հավելել, որ պետք է միավորել ուժերը՝ մշակութային վանդալիզմը կանխելու համար։ Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է երկու երկրներում հայկական և սիրիական մշակույթի օրեր անցկացնել։ Նա շեշտել է, որ ուրախ կլինի, եթե արաբ գրողները մասնակցեն 2015թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Գրական տապան» միջազգային ծրագրին։
ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի արաբական Հանրապետության կառավարությանը և մասնավորապես մշակույթի նախարար Իս սամ Խալիլին` Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի ժողովրդական ժողովի՝ մարտի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ հրավիրելու փաստը:
Նշելով, որ հայ-սիրիական պատմամշակութային հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բռնի տեղահանված հայ գաղթականներին:
Անդրադարձ է կատարվել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի հետևանքով 2012թ. Հայաստան ներգաղթած մոտ տասներեք հազար սիրահայերի խնդիրներին:
Հասմիկ Պողսյանը Սիրիայի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում 1968թ. գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի կազմում է արաբագիտության ամբիոնը:
Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարն արաբ գործընկերոջը նվիրել է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանների մասին ժողովածու և հայկական ժայռապատկերների հազարամյա պատմությունը խորհրդանշող հուշանվեր։