Ծաղկաձորյան հյուրանոցի մաքրուհուն գողության համար մեղադրանք է առաջադրվել
ОбществоՀրազդանի բնակիչ Գայանե Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Արմենպրեսին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» ՍՊԸ հյուրանոցի մաքրուհի Գայանե Ստեփանյանը գողություն կատարելու դիտավորությամբ` 2015 թվականի ապրիլի 23-ին ժամը 14:40-ի սահմաններում, հյուրանոցի սենյակների մաքրման աշխատանքներ կատարելու համար իրեն տրամադրված ունիվերսալ պլաստիկ քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Խալիֆա Ահմեդ Հուսեին Ալիխուրիի վարձակալած 310 սենյակ:
Մեղադրյալն այնտեղից գողացել է ԱՄԷ քաղաքացուն պատկանող 642 հազար 820 ՀՀ դրամին համարժեք 500 եվրո և Արաբական միացյալ Էմիրությունների 3000 դիրհամ գումար: Վերը նշված քրեական հոդվածով`մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանը Գայանե Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: