Բարեգործները վերակառուցել են Զանգակատան մանկապարտեզը
ОбществоՍահմանամերձ Զանգակատուն համայնքում շարունակվում է ամերիկահայ տեր եւ տիկին Թուֆայանների բարեգործությունը: Նրանց միջոցներով հիմնանորոգվել է 1985-86թթ կառուցված մանկապարտեզի 150 ք/մ տարածքով մասնաշենքը, կատարվել ներքին հարդարման, կահավորման աշխատանքներ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Էմին Սահակյանն ասաց, որ վերջերս ամբողջովին նորացվել է նաեւ մանկապարտեզի 1000 ք/մ մակերեսով տանիքը, ինչպես նաեւ երեխաների համար վերազինվել զանազան զվարճալիքներով խաղահրապարակը: Մանկապարտեզում այժմ նախադպրոցական կրթություն է ստանում 30 երեխա:
Տեր եւ տիկին Թուֆայանների միջոցներով 600ք/մ տարածքի վրա ստեղծվել է 200 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն: Գյուղացիները խնձորը պահեստավորում են մինչեւ գարնան վերջ` այդ ամիսների ընթացքում ներքին շուկայում իրացնելու նպատակով: «Նրանք նաեւ ֆինանսավորում են երկու կարիքավոր ընտանիքների ուսանողների ուսման վարձը եւ լուծում բնակարանի վարձակալության հարցը»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ թեեւ Թուֆայանները նախկինում չեն եղել Զանգակատան բնակիչ, այնտեղ չունեն նաեւ ազգականներ, այնուամենայնիվ, ամեն տարի այցելում են Զանգակատու ն:
«Մեզ ձգում է հեռավոր Զանգակատունը, մենք կարոտում ենք նրան հարազատ օջախի նման»,-Թուֆայանների խոսքը փոխանցեց գյուղապետ Սահակյանը:
Զանգակատունը պատրաստվում է այս ամառ կրկին դիմավորել սպասված հյուրերին: