«Համազգային» թատրոնի դերասանի կարճամետրաժ ֆիլմը կպատմի հուսահատ կնոջ պատմությունը
КультураԵրևանի «Համազգային» թատրոնի դերասան Գագիկ Մադոյանն իր ուժերն է փորձել որպես ռեժիսոր: Ռոման Բալայանի արվեստանոցն ավարտած դերասանը կամրջից ցած նետվելու ցանկություն ունեցող կնոջ մասին ֆիլմ է նկարահանել: «Ճանապարհ» կինոնկարն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
«Պատմությունը մի կնոջ մասին է, որն ուզում է ցած նետվել կամրջից: Այդ պահին նրան է մոտենում մի անօթևան և խնդրում իրեն թողնել ունեցվածքը: Մի քանի րոպեի ընթացքում փորձել եմ ներկայացնել ողջ պատմությունը: Հոգեբանորեն, համոզիչ ձևով մարդը թալանում է կնոջը և փրկում նրա կյանքը», Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց ռեժիսոր Գագիկ Մադոյանը:
Նրա խոսքով՝ ինքը 10 րոպեանոց ֆիլմի համար երկու ամիս աշխատել է սցենարի վրա: «Արվեստագետի կյանքը բարդ է: Բայց ռեժիսորինն ավելի բարդ է, քան դերասանինը, նախկինում չէի հասկանում ռեժիսորին, հիմա հասկանում եմ»,-նշեց նա:
Գագիկ Մադոյանն ընդգծեց փառատոնի կարևորությունը՝ հավելելով, որ իրադարձության շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում տեսնել շատ լավ ֆիլմեր, որոնց հեղինակները շատ հաճախ անծանոթ են:
«Մենք այսօր ուժեղ պրոդյուսերական դպրոցի կարիք ունենք: Պրոդյուսերների կարիք ունենք, որոնք կզբաղվեն նաև կարճամետրաժ ֆիլմերով և չեն զբաղվի միայն կոմերցիոն կինոյով»,-հավելեց նա:
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Գագիկ Մադոյանը 1999-2003-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2003-ին ստացել է ԵԹԿՊԻ-ի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում: 2006-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան: 2014-ին նույնպես «Արտավազդի» է արժանացել՝ որպես տարվա լավագույն դերասան: 2012-14-ին ռեժիսորական բարձրագույն դասընթաց է ավարտել (Ռոման Բալայանի արվեստանոց): 1999-ից մինչ օրս աշխատում է Երևանի «Համազգային» թատրոնում: