ՏԻՄ-երում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է համայնքների գործունեության թափանցիկությանը
ОбществоՏեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի ներդրումը նպաստում է տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև տեղական մակարդակում որոշումների կայացման թափանցիկությանը: «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածում և Քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծում ՀՀ համայնքներում» թեմատիկ աշխատաժողովին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մենք նախատեսում ենք այս ծրագիրը իրականացնել համայնքների խոշորացման մեր պիլոտայինծրագրի 22 համայնքներում, որտեղ ներդնելու ենք տեղեկատվական համակարգ և էլեկտրոնային կառավարում: Այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր համայնքում մենք տեղադրելու ենք ամբողջական համապատասխան ծրագրային ապահովմամբ համակարգիչներ, որոնք թույլ կտան այդ համայնքներին մի ընդհանուր համակարգի մեջ ավտոմատացնել բազմաթիվ գործառույթներ»,Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ համայնքներում այդ ծրագրի ներդրումից առաջ նախատեսվում է կազմակերպել համապատսխան ուսուցում:
Աշխատաժողովն անցկացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ համատեղ:
Նախարարի տեղակալը նշեց, որ համայնքների բնակիչները զանազան տեղեկանքներ ստանալու համար այլևս ստիպված չեն լինի հասնել շրջկենտրոն: «Ներկայումս, մենք համայնքներում նույնպես ունենք տեղեկատվական համակարգեր, որոնք պարբերաբար թարմացվելու և արդիականացվելու խնդիր ունեն: Սակայն, այս համակարգի ներդրման պարագայում մենք հետագայում պատրաստվում ենք այդ տեղեկատվական համակարգերը մի այլ ծրագրի շրջանակում միացնել ամբողջական կառավարման էլեկտրոնային համակարգին, որի շնորհիվ համայնքապետարանները կկարողանան կատարել էլեկտրոնային վճարումներ»,-պարզաբանեց Վաչե Տերտերյանը:
Բանախոսի դիտարկմամբ` տեղեկատվական համակարգերի ներդրումը կլուծի նաև համայնքապետարանների աշխատանքների թափանցիկության խնդիրը: «Համայնքների բնակիչները հնարավորություն են ստանում համացանցի միջոցով հետևելու տեղեկատվությանը, մեր նամակներին, էլեկտրոնային նամակներ գրել և հետևել դրանց պատասխանելու ընթացքին»,-շեշտեց Տերտերյանը` ընդգծելով, որ համայնքներում էլեկտրոնային համակարգեր ունենալու դեպքում իրենք հնարավորություն են ստանալու համայնքային խնդիրների լուծման ներգրավել նաև համայնքների բնակչությանը: