Ծովագյուղում հիմնանորոգվում է մշակույթի տունը
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի դեկտեմբեր ամսից: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Ծովագյուղի գյուղապետարանի աշխատակազմից, շենքի ամբողջական հիմնանորոգման համար անհրաժեշտ է մոտ 300 միլիոն դրամ, որից 130 միլիոնը ներդրվելու է համայնքի բյուջեից : Այս պահի դրությամբ համայնքի բյուջեից հատկացված 50 մլն դրամի հաշվին կատարվում են շենքի ամրացման աշխատանքները: Սակայն համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հավաստմամբ՝ ակնկալվում է նաեւ ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը:
«Ամրացման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, ինչին կհաջորդեն ներքին հարդարման, դռների եւ լուսամուտների փոփոխման աշխատանքները, որոնք կշարունակվեն ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով տրվող գումարների հաշվին: Կարեւորն այն է, որ 1991 թվականից ի վեր անգործության մատնված եւ քայքայված շինության հիմնանորոգման գործը սկսել ենք ձեռնարկել: Հուսով եմ, որ մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում Ծովագյուղը կունենա նորոգված, ժամանակակից չափանիշներին համապատասխան մշակույթի տուն եւ հանդիսությու նների սրահ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նույն աղբյուրի համաձայն` հուլիսի 15-ին Ծովագյուղի մշակույթի տան ամրացման աշխատանքներն անձամբ դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ խոստացել պետական աջակցություն հատկացնել շինարարական աշխատանքների հետագա շարունակման համար: