Դրախտիկ եւ Այգուտ համայնքներում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ
ОбществоԳեղարքունիքի մարզի Դրախտիկ եւ Այգուտ համայնքներում «Սեյվ դը չիլդրեն» (Save The Children) կազմակերպության ֆինանսական միջոցներով եւ համայքապետարանների կողմից կատարված համաֆինանսավորմամբ բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ:Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, նախակրթարանների բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավար Իռեն Սարգսյանը, Դրախտիկ եւ Այգուտ համայնքերի ղեկավարները, համայնքների բնակիչներ: Նախադպրոցական կենտրոնների տարածքներն ամբողջովին վերանորոգվել են, ապահովվել անհրաժեշտ կահույքով եւ սարքավորումներով: Բացի այդ, յուրաքանչյուր համայնքից ընտրվել են 2-ական մանկավարժներ, ովքեր մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: Կենտրոնները նախատեսված են 24-ական սանի համար, սակայն առայժմ նրանց թիվը յուրաքանչյուր համայնքում հասնում է 15-ի:
Նշված համայնքներում տոնական տրամադրությամբ էին համակված ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաները: Երախտագիտության խոսքեր էին հնչեցնում փոքրիկների ծնողները, մանկավարժներն ու համայնքների բնակիչները, ովքեր հավաստում էին, որ իրենց երեխաները մինչ այժմ զուրկ են եղել նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:
Իր խոսքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ առաջիկա 1-2 տարում մարզում նախակրթարանների անհրաժեշտություն ունեցող մնացած համայնքները եւս կօգտվեն նման հնարավորությունից: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի իրականացման ղեկավարի հավաստմամբ` մեկ ամիս հետո եւս մեկ նախադպրոցական կրթության կենտրոն կբացվի Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը Դրախտիկի նախադպրոցական կրթության կենտրոնի ստեղծման համար հատկացրել է 1 միլիոն 342 հազար, Այգուտի նախադպրոցական կենտրոնի ստեղծման համար` 1 միլիոն 322 հազար դրամ: