Գյուրուն կատարած ճամփորդությունն ամփոփվել է Ցեղասպանությանը նվիրված ֆիլմում
КультураԵրիտասարդ ռեժիսոր Ադրինե Գրիգորյանը Գյուրուն կատարած իր ճանապարհորդությունն ամփոփել է մեկ ֆիլմում: Ռեժիսորը փաստում է՝ կինոնկարի ստեղծման առիթ է դարձել Գյուրունի մի թուրքի հետ հանդիպումը: «Վերադարձ դեպի Գյուրուն» ֆիլմն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
«2010 թվականից մի թուրքի հետ եմ ծանոթացել, որը Գյուրունից է եղել: Իմ պապիկն էլ է այդ քաղաքից եղել: Իմացա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մասին, մասնակցեցի, 2011 թվականին շահեցի մրցանակը և սկսեցի ֆիլմ նկարահանել»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Ադրինե Գրիգորյանը:
Ֆիլմը Ադրինեի ուղևորությունն է դեպի Գյուրուն, ուր վերադառնում է այն դեպքից հարյուր տարի անց, երբ ընտանիքի միակ փրկված անձը՝ պապը, 1915-ի Ցեղասպանության ժամանակ հեռացել է քաղաքից։ Պատմությունը երևան է բերում «լռեցված» Ցեղասպանության տևական ազդեցությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ինչպես նաև անհատի փնտրտուքը լուծում գտնելու ճանապարհին։
Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ իրենց նպատակն օտարներին Ցեղասպանության մասին պատմելն է: «Ես ոչ մի ձևով չեմ ճնշել թուրք հերոսներիս, ով ցանկացել է, որ դեմքը ցույց չտամ, չեմ ցույց տվել: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև իմ թուրք ընկերները»,-նշեց նա:
Ադրինե Գրիգորյանը վստահ է՝ «Ոսկե ծիրան» փառատոնը գանձ է Հայաստանի համար: «Այն առիթ է տալիս, որ ուսանողները շփվեն աշխարհի լավագույն ռեժիսորների, պրոդյուսերների հետ: Փառատոնի ժամանակ նրանք կապեր են ստեղծում, որոնք փառատոնից հետո էլ մնում են»,-նշեց նա:
Ռեժիսորն այժմ մեկ այլ նախագծի վրա աշխատում, որի հերոսը Ժիրայր անունով մի գլխարկ կարող է:
Ադրինե Գրիգորյանի առաջին վավերագրական ֆիլմը՝ «Բավականը», քննում է սեռով պայմանավորված արհեստական հղիության ընդհատման բարձր ցուցանիշը ՀՀ-ում։ 2008-2009 թթ. նա շահել է ԱՄՆ Ֆուլբրայթի դրամաշնորհն այդ ֆիլմը նկարահանելու համար։ 2011-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում Ադրինեն «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում արժանացել է Հայաստան - Թուրքիա կինոհարթակի գլխավոր մրցանակին «Վերադարձ դեպի Գյուրուն»-ի սցենարը կյանքի կոչելու համար: