Արցախի կառավարությունը կխթանի օրգանական գյուղմթերքների արտադրությունը
ОбществоԱրցախի կառավարության ընդունած որոշմամբ սահմանվել են ԼՂՀ-ում օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողությունը և լիազոր մարմնի որոշման միջոցով դրա կրճատման կամ երկարաձգման կարգը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ար ցախի կառավարության ղեկավարը կարևորել է հանրապետությունում օրգանական գյուղմթերքների արտադրության զարգացումը` հատկապես դրանք միջազգային շուկա արտահանելու տեսանկյունից: Վարչապետը հորդորել է պատասխանատուներին հետևողական մոտեցում ցուցաբերել այդ ծրագրերի իրագործման ուղղությամբ և ապահովել անհրաժեշտ օժանդակություն:
Մարտունու շրջանի մի շարք համայնքներում բազմամյա կերային մշակաբույսերի տարածքների ընդլայնման, անասունների համար կերային բազայի ապահովման և գյուղատնտեսական նշանակության հողերի կառուցվածքի բարելավման նպատակով կառավարության կողմից հաստատվել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներում բազմամյա խոտաբույսերի մշակության 2015 թվականի ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է շրջանի մոտ 17 համայնքներում 220 հա տարածք մշակել: Այդ նպատակով հատկացվելու է շուրջ 7 մլն դրամ գումար:
Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել է անկանոն անասնապահությանը և դրա` գյուղամերձ հողատարածքներին հասցրած վնասներին: Քաղաքացիների բազմաթիվ բողոքների պատճառները վերացնելու միակ տարբերակը, կառավարության ղեկավարի համոզմամբ, խնդրին իրավական արդյունավետ կարգավորում տալն է: Նա հանձնարարել է պատասխանատուներին ամենայն հետևողականությամբ զբաղվել այդ հարցով:
Կառավարության անդամների հավանությանն է արժանացել նաև հանրապետության համայնքներում 2015-2016թթ . հողօգտագործողներին թթենու տնկիների տրամադրման ծրագիրը, որով նախատեսվում է թթագործության կայուն և հետևողական զարգացման համար նախադրյալներ ստեղծել և գյուղատնտեսության ոլորտում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում աստիճանաբար բարելավել բնակչության կենսապայմանները: Երկու տարվա ընթացքում 40 մլն դրամ է հատկացվելու ծրագրի իրագործման համար: Մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունից ձեռք են բերվելու մեկից-երկու տարեկան թթենու բարձրորակ տնկիներ: