Շոն Մքալիսթերի ֆիլմը կպատմի երկու սիրիացու սիրո պատմությունը
КультураԸնտանիքի և սիրո պատմություն՝ սիրիական ճգնաժամի ֆոնին. հայտնի ռեժիսոր Շոն Մքալիսթերը նոր վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Սիրիական սիրավեպ»: Մքալիսթերը հինգ տարի նկարահանումներ է իրականացնել Սիրիայում՝ ներկայացնելու մարդկային պատմություն:
«Իմ ֆիլմը երկու սիրիացիների մասին է, ավելի շատ փորձել եմ կենտրոնանալ սիրո պատմության վրա, որն ավելի համամարդկային թեմա է, քան քաղաքական»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շոն Մքալիսթերը:
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում ընդգրկված կինոնկարն ուրվագծում է քաղաքական ազատության աննկարագրելի ոդիսականն Արևմուտքում: Ռաղդայի և Ամերի համար սա հուսո, երազանքի և վհատության ուղևորություն է՝ հանուն հեղափոխության, հայրենիքի և իրենց:
Մինչև սիրիական կոնֆլիկտը Շոն Մքալիսթերը եղել է Սիրիայում: «Նկարհանումներն անցկացվում էին Դամասկոսում, նախքան պատերազմի սկսելը միասին ճաշում էի հայ ընկերների հետ »,-նշեց նա:
Նախօրեին ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանը հարցրել է նրան՝ արդյոք Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի, թե ոչ: «Իրականում շատ դժվար կլինի Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել, որովհետև նույնիսկ արաբական երկրների մասին ֆիլմերը դժվար են ընդունվում: Բրիտանական մտածելակերպի համար հայկական պատմությունն օտար է, հարցնում են, ովքեր են հայերը, ինչ է Հայաստանը»,-ընդգծեց ռեժիսորը:
Շոն Մքալիսթերը 16 տարեկանում դպրոցը թողնելով աշխատել է հյուսիային Անգլիայի տարբեր գործարաններում, մինչև ձեռքն է առել տեսախցիկը և ուղի հարթել դեպի Ազգային կինոդպրոց, որն ավարտել է 1996-ին: Նրա «Աշխատելով թշնամու համար» առաջին ֆիլմը և դրան հետևած «Հոգածուները» ներկայացվել են Հեռուստատեսության արքայական միության մրցանակին: Հաջորդել են «Նորաբնակները» (2000) և «Հալի հրեշտակը» (2002) ֆիլմերը: Վաղ շրջանից մինչև վերջին միջազգային հաջողությունները Շոն Մըքալիսթերի ֆիլմերն իրենց հատուկ մտերմիկությամբ և անկեղծությամբ ներկայանում են աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց, որոնք պայքարում են գոյատևման համար և հաղթահարում դժվարությունները: Նրանք ներքաշված են քաղաքական ու անձնական բախումների մեջ՝ փորձելով իմաստավորել այն աշխարհը, որտեղ ապրում են: