Հրատապ լուծում պահանջող ծրագրերի առաջին փուլում Գեղարքունիքի մարզին հատկացվել է 400 միլիոն դրամ
ОбществоՀրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզին առաջին փուլում հատկացվել է 400 միլիոն դրամ, որով նախատեսվում է սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ լուծել մարզի 12 համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, արդեն մարզպետարանի կողմից որոշված է այն համայնքերի ցանկը, որոնցում օրերս կսկսվեն հրատապ ծրագրերի իրականացման աշխատանքները:
«12 համայնքերի անունները եւ հաստատված ծրագրերը կհրապարակվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց անմիջապես հետո: Տրամադրված 400 միլիոն դրամի շրջանակներում համայնքներում կիրականացվեն ճանապարհաշինական, խմելու եւ ոռոգման ջրի մատակակարման համակարգերի կառուցման, կրթամշակութային հաստատությունների շենքերի հիմնանորոգման եւ ջեռուցման համակարգերի անցկացման, համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքներ:Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն առաջիկա ամիսների ընթացքում` կենսական կարեւոր նշանակության խնդիրներ լուծելով 12 համայնքներում»,-նշեց մարզպետը:
Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ հույս հայտնեց, որ կառավարության կողմից մարզերում հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրվող միջոցները կլինեն փուլ առ փուլ եւ շարունակական, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում մարզի մյուս բնակավայրերում եւս լուծում տալ կենսական կարեւոր հիմնախնդիրների, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: «Հրատապ ծրագրերի իրականացման շրջանակում մենք կառավարությանն ենք ներկայացրել 1 միլիարդ 135 միլիոն դրամի հատկացման պահանջ, սակայն ֆինանսավորվել ենք 400 միլիոն դրամի չափով: Հուսով եմ, որ միջոցներ լինելուն պես մենք կստանանք նաեւ մնացած գումարները եւ դրանք կուղղենք բազմաբնույթ հիմնախնդիրների լուծմանը: Հրատապ ծրագրերի համար նախատեսված գումարներից դուրս աշխատում ենք սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալ նաեւ այլ կազմակերպությունների եւ գերատեսչական կառույցների հետ համագործակցելու ճանապարհով»,-հավելեց Գեղարքունիքի մարզպետը:
Խոսրով Խլղաթյան