Ռուսաստանի տրամադրած 200 միլիոն դոլարի վարկը շատ կարևոր է Հայաստանի համար. տնտեսագետ
ЭкономикаՏնտեսագետ Աշոտ Թավադյանը երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է համարում անվտանգության ապահովումը: Այս տեսանկյունից տնտեսագետը մեծ կարևորություն է տալիս վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված վարկային համաձայնագրին, որով Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրում՝ անվտանգության ապահովման համար: «Դա իսկապես շատ կարևոր վարկային համաձայնագիր էր մեզ համար, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ազգային ժողովի 98 պատգամավոր կողմ քվեարկեց այդ համաձայնագրին, և միայն մեկ պատգամավոր էր դեմ: Ես համոզված եմ, որ այդ վարկն ամբողջությամբ ծառայելու է իր նպատակին: Անհասկանալի ծախսեր այստեղ չեն լինելու: Ընդունելի է, և մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանին այդ վարկը տրամադրելու համար»,--«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Միևնույն ժամանակ, տնտեսագետը շեշտում է, որ կան վարկային համաձայնագրեր, որոնց հետ կապված խնդիրներ են լինում և հարցեր առաջանում: «Նախկինում մենք ունեցել ենք վարկեր, որոնց նպատակը չի երևացել, իսկ կառուցվածքի առումով ունեցել ենք ոչ արդյունավետ ծախսեր: Եթե մենք վարկեր ենք վերցնում, մենք պետք է տեսնենք` կարո՞ղ ենք այդ վարկով նախատեսված ծրագիրը մեր ուժերով իրականացնել, թե հարկավոր է դրսից մարդկանց ներգրավել: Նմանատիպ շատ այլ հարցեր էլ կան, որոնք պետք է սուսումնասիրվեն վարկ վերցնելուց առաջ, որպեսզի հասկանալի լինի դրա արդյունավետությունը, տեսանելի լինեն ծախսերը»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ այնպես չէ, որ հարկավոր է վերցնել բոլոր առաջարկվող վարկերը: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առաջարկվող պայմանները, հասկանալ նպատակը, վարկի կառուցվածքի արդյունավետությունը, նոր միայն գնալ այդ քայլին: «Հակառակ դեպքում, եթե վարկն արդյունավետ չլինի, այն ծանրանում է պետական բյուջեի վրա և հետագայում ազդեցություն է ունենում թե տնտեսության զարգացման վրա, թե սոցիալական խնդիրների լուծմանը»,- եզրափակեց տնտեսագետը: