Տնտեսագետը Հայաստանի համար այս տարի տնտեսական աճ է կանխատեսում երկու տոկոսի սահմաններում
Экономика: Տնտեսագետ Աշոտ Թավադյանը բարձր է համարում հավանականությունը, որ այս տարի Հայաստանի արձանագրած տնտեսական աճը կարող է մոտ լինել 2 տոկոսին: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետը նշեց, որ համաշխարհային զարգացումների ներկայիս ֆոնին շատ դժվար է տնտեսական աճի վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել:
«Օրինակ, Եվրոպական զարգացման բանկը մեզ համար կանխատեսում է 1.5 տոկոս անկում, Համաշխարհային բանկը կանխատեսում է զրո տոկոս տնտեսական աճ, Եվրասիական բանկը կանխատեսում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ Ասիական բանկը՝ 1.6 տոկոս աճ: Կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է 1-2 տոկոս տնտեսական աճ, Կենտրոնական բանկի կանխատեսումները գտնվում են 2 տոկոսի սահմաններում: Շատ մասնագետներ էլ մեզ համար կանխատեսում են շատ ավելի մեծ անկում, քան Համաշխարհային բանկի կամ Եվրոպական բանկի կանխատեսումներն են, սակայն ես այն կարծիքին եմ, որ մեծ է հավանականությունը, որ մեր երկրում այս տարի ունենալու ենք կես տոկոս անկումից երկու տոկոս աճ»,- նշեց տնտեսագետը:
Նա հստակեցրեց, որ տնտեսական աճը 2 տոկոսին մոտ կլինի այն դեպքում, եթե լինի ընդհանուր տնտեսության կայունություն, գյուղատնտեսությունը տարվա կտրվածքով շարունակի դրական աճ արձանագրել, կառավարության գործունեության մեջ լուրջ վրիպումներ չլինեն: «Այս պարագայում, այո, շատ մեծ է հավանականությունը, որ տարվա վերջում մենք կարող ենք 2 տոկոսի սահմաններում տնտեսական աճ արձանագրել»,- եզրափակեց Թավադյանը: