Նաստասյա Կինսկին ներկայացրեց մարզիկների մասին իր նոր կինոնախագիծը
КультураՃանաչված գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին Հայաստանում ներկայացրեց իր նոր՝ «Անհնարինը ոչինչ է» («Impossible is nothing») ֆիլմաշար-նախագիծը: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը տեղեկացրեց, որ նախագծի գլխավոր հերոսները մարզիկներ են: Նախագծի ներկայացմանը ներկա էին նաև հայ երիտասարդ մարզիկներ:
«Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդ մարզիկներ են այստեղ եկել: Ես գիտեմ, որ սպորտը ձեզ համար մեծ արժեք ունի, դա ձեր կյանքն է, այն նաև մեծ արժեք ունի ինձ համար: Ես այս նախագիծը գրել եմ, որովհետև միշտ զգացել եմ, թե ինչքան կարևոր է սպորտն ինձ և բոլոր մարդկանց համար: Սպորտը շատ կարևոր է, որովհետև այն ուժ է տալիս: Այնքան շատ օրինակներ կան, երբ այն օգնել է երեխաներին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»,-հանդիպման ժամանակ նշեց Նաստասյա Կինսկին:
Նա ընդգծեց, որ տարբեր երկրներում մարզիկների է փնտրում իր նախագծի համար, քանի որ ֆիլմաշարը ներառելու է մարզիկների ամբողջ աշխարհից: «Եթե հնարավոր լինի, ուզում եմ նաև Հայաստանը ներգրավել այս ծրագրում, ու շատ ուրախ կլինեմ, որ ձեզ նման մարզիկներ էլ լինեն այս ֆիլմաշարում: Ես շատ ֆիլմերում եմ նկարահանվել, բայց վավերագրական ֆիլմաշար եմ ուզում անել: Հուսով եմ, որ այն շատ մարդկանց կոգեշնչի մարզիկների պատմությունների շնորհիվ»,-նշեց դերասանուհին:
Կինսկին նշեց, որ այս պահին ամեն երկրում փնտրում է հովանավորներ, պրոդյուսերներ, հեռուստաալիքներ, որոնք կհամագործակցեն իր հետ: «Հուսով եմ, որ նախագծում կունենանք Մարիա Շարապովային և նրա նման աստղերին»,-ընդգծեց նա: Նաստասյա Կինսկին հավելեց, որ նախագծի գաղափարն իր մոտ առաջացել է դեռ 2009 թվականին, իսկ հարցին, թե երբ է սկսելու և ավարտելու աշխատանքները, պատասխանեց, որ այժմ սկսել է աշխատել, իսկ թե երբ կվերջանա հայտնի չէ:
«Մարմնամարզությամբ, լողով, վազքով, պարով, վոլեյբոլով զբաղվել եմ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Ունեցել եմ դժվարություններ, լավ պահեր: Ոգեշնչված եմ այս նախագծով, այնքան պատմություններ կան, որոնց մասին մենք ցանկանում ենք լսել»,-նշեց դերասանուհին: Նախագծի ներկայացման ընթացքում Կինսկին զրուցեց հայ երիտասարդ բասկետբոլիստների հետ, հարցեր ուղղեց նրանց:
Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Տես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Տեսը» բրիտանացի նովելիստ Թոմաս Հարդիի «Տեսը Դերբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարի վեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հ մտություններ ձեռք բերեց հայտնի դերասան Լի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարցրացավ` Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» էրոտիկ թրիլլերը: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում: Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմերում սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անցկացվում է Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: