Շարմազանովը ողջունում է Սահմանադրության նոր նախագծով ԱԺ փոխխոսնակներից մեկի ընդդիմադիր լինելու գաղափարը
ОбществоԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Սահմանադրության նախագծի նախնական տարբերակում ամրագրված դրույթը, որ խորհրդարանի խոսնակի տեղակալներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ:ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ նախագծի նախնական տարբերակով բավականին լուրջ լիազորություններ են տրվում ընդդիմությանը, ինչը խոսում է ժողովր դավարության ամրապնդման մասին: «Ես ողջունում եմ և նորմալ եմ համարում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ: Այն ժամանակ,երբ կխախտվի Ազգային ժողովի կանոնակարգը, և ընդդիմության ներկայացուցիչ փոխխոսնակը ստիպված կլինի անջատել որևէ պատգամավորի խոսափող,այն ժամանակ բոլորը կհասկանան, որ գոյություն ունի կանոնակարգ, որը պարտավոր ես պահպանել և աշխատել այդ օրենքի շրջանանկերում: Ընդդիմությունն էլ այդ ժամանակ իշխանությանը չի մեղադրի խոսափողներն անտեղի անջատելու մեջ» ,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` եթե կան անձինք, ովքեր ցանկանում են նախագահ դառնալ, կարող են բարեփոխված Սահմանադրության դեպքում պայքարել վարչապետի պաշտոնի համար, որն ունի նույն լիազորությունները, որոնք ունի նախագահը ներկայիս կիսանախագահական համակարգում: «Եթե կան անձինք,ում մանկության երազանքը նախագահ դառնալն է, նրանք կարող են հաղթել խորհրդարանական ընտրություններում և ստանձնել վարչապետի պաշտոնը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ մամուլում պատգամավորների հնչեցրած մտահոգություններին` Շարմազանովն ասաց, որ առաջին փուլով ընտրվածներն իրենց մանդատները չեն կորցնելու։ «Ես մամուլում կարդացի,որ մեր որոշ պատգամավորներ մտահոգություն ունեն, որ առաջին կամ երկրորդ տեղը չզբաղեցնելու դեպքում զրկվելու են մանդատից։ Նման բան չկա։ Առաջին փուլում ստացված 101 մանդատը պահպանվում է` անկախ երկրորդ փուլի արդյունքներից»,–ասաց Շարմազանովը` նշելով, որ երկրորդ փուլին մասնակցելու են միայն առաջին փուլի արդյունքում առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը, իսկ թե որքան մանդատ կհատկացվի երկրորդ փուլի շրջանակում, կկարգավորվի արդեն Ընտրական օրենսգրքով։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վ արչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։