Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հանգստի պակասը
Lifestyle«Հանգստի պակասը մարդկանց մոտ կարող է առաջացնել նյարդային լարվածություն, մարդիկ կարող են հասարակ բաներից լաց լինել, հուզվել»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը,- «Հանգստի պրոցեսը եթե խանգարում ենք՝ դրանից հետո կարող են սկսվել հոգեկան լուրջ խանգարումներ, հալյուցինացիաներ: Հանգիստ երևույթը բավական լուրջ երևույթ է: Հանգստին պետք է շատ լուրջ վերաբերվել»:
Հոգեբանը նշեց, որ լավ հանգիստը շատ կարևոր է բարձր աշխատունակություն ունենալու համար. «Եթե լավ հանգստացար՝ ամբողջ տարին կարող ես հոյակապ աշխատել: Լավ հանգստացած լինելու ցուցիչն այն է, որ դու ուզում ես հետ գալ աշխատանքի: Չհանգստանալու ցուցիչը անտրամադիր լինելն է: Հատուկ պետք է մտածել՝ ինչպես եք հանգստանալու: Լավ հանգիստը առողջության կարևոր պայմաններից մեկն է: Բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են, իսկ նյարդերը հանգստացնելու լավագույն միջոցը հանգիստն է: Մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս մանրամասն պլանավորել, եթե հնարավորություն կա մի քանի էտապով հանգստանալ»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պետք է մենակ հանգստանալ, թե ոչ, մասնագետը պատասխանեց, որ շատ հաճախ հանգստանալ է պետք նաև մարդկանցից. «Հանգսստանում ես նաև մարդկանցից: Շատ դեպքերում, երբ գալիս են մեզ մոտ կոնսուլտացիաների, խնդիրը իրարից հագեցած լինելու մեջ է, ու մեկ շաբաթ առանց իրար ապրելը ու իրարից հանգստանալը կարող է դրական անդրադառնալ հարաբեերությունների վրա»:
Ինչ վերաբերում է հանգստից հետո աշխատանքի պրոցեսին անցնելու դժվարություններին, հոգեբանը խորհուրդ տվեց հանգստից վերադառնալ աշխատանքի անցնելուց մի քանի օր շուտ, որպեսզի մինչ աշխատանքի անցնելը կարողանանք ադապտացվել միջավայրին:
Անժելա Պողոսյան