«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական վաղ շրջանի ֆիլմեր
КультураՀայ ականավոր ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի արվեստի երկրպագուները հուլիսի 17-ին դիտեցին նրա հեղինակած «Մենք» և «Բնակիչներ» կինոնկարները: Տարիներ առաջ ստեղծված ֆիլմերի ցուցադրությունն անցկացվեց երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը ցուցադրության մեկնարկին խոսեց Փելեշյան տաղանդի մասին ու ներկայացրեց ցուցադրվող ֆիլմերը:
«Ամեն անգամ, երբ առիթ է լինում Արտավազդ Փելեշյանի մասին խոսք ասելու, ես հասկանում եմ, որ բառերը փոքրանում և մի տեսակ ավելորդ են դառնում նրա արվեստի դիմաց: Ինքը՝ Փելեշյանը, հրաժարվել է բառերից իր ֆիլմերում: Հավանաբար այն պատճառով, որ 20-րդ դարում, երբ նա նկարահանում էր իր ֆիլմերը, բառերը կորցրել էին իրենց նշանակությունը: Հազար ու մի բռնատիրական համակարգեր, գաղափարախոսություններ, քաղաքական և այլ տեսակի շահեր արժեզրկել էին բառը: Իսկ Փելեշյանն ուզում էր մաքուր լեզու, այդ պատճառով նա պատկերը խոսք դարձրեց: Իր ֆիլմերն անխոս են, բայց պերճախոս: Եվ այդ պատճառով էլ նրանք խոսում են մինչև այսօր»,- նշեց Դավիթ Մուրադյանը՝ հավելելով, որ նրա բոլոր ֆիլմերը միասին կինոէպոս են դարձել:
Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց խոսքերի համար:
«Այնքան լավ բաներ ասացին, չգիտեմ ինչ ասեմ: Երկու ֆիլմ է ցուցադրվում «Մենք»-ը և «Բնակիչներ»-ը, որոնք արված են մոտ 50 տարի առաջ: Ուսանողական ֆիլմեր են: Միգուցե հնացած են: «Մենք»-ի ժամանակ ես նկարեցի «Բնակիչները»: Ցուցադրեցի ստուդիայի տնօրենին, և նա զարմանալի բան ասաց՝ «Ուզո՞ւմ ես ինձ գործից հանեն»: Ես չհասկացա, ինչու պետք է հանեն: Ստիպված էի Մոսկվայի պետկինոյին ասել ֆիլմի մասին, և նրանք առաջարկեցին այն նկարահանել Բելառուսֆիլմում: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում և Մոսկվայում, շատ քիչ բաներ են Բելառ ուսից օգտագործված: Այդպես այդ ֆիլմը, նկարահանվելով Մոսկվայում և Հայաստանում, դարձավ Բելառուսի սեփականություն, բայց այնտեղի ստուդիայի տնօրենին չհանեցին աշխատանքից: Նայեք այդ ֆիլմերը»,-եզրափակեց Փելեշյանը:
Արտավազդ Փելեշյան ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին: